Երևանի Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի համալիրի
Լուսանկարը` սքրինշոտ
Երևանի հայտնի Մամուլի շենքին սպասվում է լայնածավալ վերակառուցում։ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և «PROSPECT24» ընկերությունն ազդարարել են պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը ժամանակակից պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի վերածելու բացառիկ նախագծի մասին՝ խոստանալով պահպանել դրա ճարտարապետական ինքնատիպությունը։
Մասշտաբային նորացման հայեցակարգը պաշտոնապես կներկայացվի անշարժ գույքի «Տուն Էքսպո» խոշոր ցուցահանդեսի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները, նախագիծը ենթադրում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության ամբողջական փոփոխություն: Նախկին խմբագրությունների տեղում կհայտնվի պրեմիում դասի ժամանակակից կենտրոն, ընդ որում, նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճանաչելիությանն ու պատմամշակութային արժեքի անխաթար պահպանմանը։
Սպասվող վերակառուցմանն ընդառաջ՝ պետական գերատեսչությունը համագործակցության է հրավիրում պոտենցիալ ներդրողներին: Հյուրանոցային բիզնեսով և խոշոր կառուցապատման ծրագրերով հետաքրքրված ընկերությունները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալ վերանորոգման կոնցեպտին և գնահատել օբյեկտի ներդրումային պոտենցիալը ցուցահանդեսում տեղակայված Պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարում: