Խոշոր բռնագրավում Սյունիքում. օտարերկրացին կիլոգրամներով թմրանյութ էր տանում Երևան
Լուսանկարը` ՆԳՆ ոստիկանություն
Հայաստանի Սյունիքի մարզում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության լայնածավալ փորձ։ Քրեական ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում Մեղրի-Կապան ճանապարհահատվածում ձերբակալվել է մայրաքաղաք կիլոգրամներով հերոին և մեթամֆետամին տեղափոխող օտարերկրյա քաղաքացին։
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Սյունիքի մարզային վարչությունների համատեղ հատուկ օպերացիան իրականացվել է մարտի 16-ին՝ ստացված հավաստի օպերատիվ տեղեկությունների հիման վրա։
Ըստ նախաքննության տվյալների՝ 41-ամյա օտարերկրացին, նախնական հանցավոր համաձայնության գալով 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրված արգելված նյութերն ու ավտոմեքենայով ուղևորվել դեպի Երևան։
Սակայն թմրավաճառի ծրագրերը ձախողվել են. իրավապահները նրան հայտնաբերել և վնասազերծել են հենց Կապան քաղաքում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կասկածյալի մեքենայում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է տպավորիչ քանակի թմրանյութ՝ ավելի քան երեք կիլոգրամ քաշով մեթամֆետամինի երեք փաթեթ, մեկ կիլոգրամը գերազանցող հերոին և 34 դեղահաբ։
Ներկայումս 41-ամյա տղամարդը կալանավորված է, իսկ իրավապահ մարմինները շարունակում են նախաքննությունը՝ հանցավոր շղթայի մյուս մասնակիցներին և թմրանյութի ձեռքբերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։