23.03.2026
Իրանն սկսել է վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար
prev Նախորդ նորություն

Ճակատագրական սխալ. Երևանի հոսպիտալի բժիշկը կդատվի զինվորի մահվան համար

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը ավարտել է Երևանի կայազորային հոսպիտալում գրանցված ողբերգական դեպքի նախաքննությունը:


Բժշկական անփութության և ուշացած ախտորոշման պատճառով մահացել է զինծառայող, իսկ բուժող օրդինատորն այժմ կկանգնի դատարանի առաջ՝ մարդու կյանք արժեցած մասնագիտական պարտականությունների թերացման մեղադրանքով:


Քրեական վարույթի նյութերի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալի օրդինատորը չի կարողացել ճիշտ և լիարժեք գնահատել հիվանդի վիճակը: Մասնագետի տեսադաշտից վրիպել են երիկամային համակարգի լուրջ ախտահարումներն ու թոքային պաթոլոգիայի սրացումը։ Նշանակված անարդյունավետ բուժումը հանգեցրել է ժամանակի կորստի։


Իրական և ծանր ախտորոշումը՝ Վեգեների գրանուլեմատոզ, հաստատվել է միայն այն ժամանակ, երբ զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Դժբախտաբար, հիվանդությունն արդեն հասել էր տերմինալ՝ անդառնալի փուլի, և երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել:


Հարուցված հանրային քրեական հետապնդման շրջանակներում օրդինատորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։


Ներկայումս մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատական ատյան ուղարկելու միջնորդությամբ: