19.03.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Եվրագագաթնաժողով Երևանում. կառավարության միլիոնները՝ ընդդիմությանը՞

Լուսանկարը` factor.am
Լուսանկարը` factor.am

Հայաստանի կառավարությունը մեկնարկում է 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լայնածավալ նախապատրաստական աշխատանքները։ Մարտի 19-ի նիստում գործադիրը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից հատկացնել հրատապ պահանջվող 350 միլիոն դրամը՝ Մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքների նորոգման նպատակով։


Պետական բյուջեից միջոցառման համար ընդհանուր առմամբ կծախսվի մեկ միլիարդ դրամ։ Հատկանշական է, որ շինարարական աշխատանքների մրցույթում 573 միլիոն դրամի առաջարկով հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն, որը պատկանում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։


Չնայած այն հանգամանքին, որ ընտանիքը նախկինում ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, նրանց ընկերությունը պարբերաբար խոշոր պետական պատվերներ է ստանում շինարարական ծրագրերում: Նախագծով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն խստորեն մինչև գագաթնաժողովի մեկնարկը։


2022 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ ստեղծված Եվրոպական քաղաքական համայնքը հանդիսանում է եվրոպական երկրների միջկառավարական կարևորագույն հարթակներից մեկը։ Հենց այս ձևաչափի՝ Պրահայում կայացած առաջին հանդիպման շրջանակներում գրանցվեց տարածաշրջանի համար պատմական իրադարձություն։


Եվրոպացի առաջնորդների միջնորդությամբ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, փոխադարձաբար ճանաչեցին երկու երկրների տարածքային ամբողջականությունը: Այդ ժամանակ էլ համաձայնություն ձեռք բերվեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ, ինչն էլ ավելի է կարևորում առաջիկա երևանյան հանդիպման քաղաքական նշանակությունը։