Առաջարկվում է բարեփոխել Քրեական դատավարության օրենսգիրքը
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի նպատակն անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է:
Որպես այդպիսին՝ արդյունավետ և որակյալ նախաքննության իրականացումը բխում է հենց այս նպատակից: Հարկ է նշել, որ շուրջ երեք տարի կիրառվող Քրեական դատավարության օրենսգրքում որոշակիորեն խնդրահարույց կարգավորումների առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել, որոնց վերացմանն էլ ուղղված է սույն օրենքի նախագիծը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնության հեղինակ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները և նշել, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ քրեադատավարական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Նշվել է, որ նախագիծը կարգավորելու է հստակ ժամկետային և ընթացակարգային հարցեր քրեական դատավարությունում, որն ուղղված է քրեական վարույթի արդյունավետ, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը: Բացի այդ, նախագծով ակնկալվում է նաև հնարավորություն ստեղծել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իր իրավասությունների սահմաններում վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: