ԱԳՆ աջակցությամբ 63 ՀՀ քաղաքացի Օմանից ապահով վերադարձել է հայրենիք
Լուսանկարը` mfa.am
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների համակարգված աշխատանքի արդյունքում 63 ՀՀ քաղաքացի Օմանի տարածքով բարեհաջող վերադարձել է հայրենիք:
Մարտի 8-ին մեր հայրենակիցները ժամանել են Երևան՝ Արաբական Միացյալ Էմիրություններից մեկնելու և լոգիստիկ բարդ երթուղին հաղթահարելու ողջ ճանապարհին ստանալով լիարժեք հյուպատոսական ուղեկցություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քաղաքացիների տեղափոխումն իրականացվել է Մասկատ-Երևան ավիաչվերթով։ Գործընթացը կազմակերպվել է ԱՄԷ-ում և Օմանում Հայաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով:
Մասնավորապես, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն ապահովել է քաղաքացիների ցամաքային տրանսֆերը մինչև ԱՄԷ-Օման սահմանակետ: Այնտեղ նրանց անձամբ դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսը:
Դիվանագետն ապահովել է խմբի անվտանգ ուղեկցումը դեպի Մասկատի միջազգային օդանավակայան՝ տեղում ցուցաբերելով կազմակերպչական և իրավական բոլոր անհրաժեշտ աջակցությունները մինչև Հայաստան մեկնելը։