Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան արդեն սկսում է ազդել միջազգային լոգիստիկ նախագծերի վրա։ Այդ ազդեցությունը նկատելի է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վրա, որը վերջին տարիներին դիտարկվում է որպես եվրասիական լոգիստիկայի կարևորագույն ուղղություններից մեկը։
2025 թ. միջանցքի ցուցանիշները բավական բարձր էին։ Կոնտեյներային փոխադրումները աճել էին շուրջ 60%-ով՝ հասնելով 11,5 հազ. TEU-ի (20-ֆուտանոց էկվիվալենտ), իսկ երկաթուղային բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել էր 9,9 մլն տոննա։ Միջանցքի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել էր այն արտահանողների շրջանում, որոնք կենտրոնացած են Իրանի, Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների շուկաների վրա։
Սակայն նախագծի կառուցվածքային խոցելիությունը շարունակում է պահպանվել։ Ամենակարևոր խնդիրներից մեկը Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի բացակայությունն է, որի պատճառով բեռների մի մասը ստիպված տեղափոխվում է ավտոմոբիլային ճանապարհով։ Նախատեսվում էր, որ 162 կմ երկարությամբ այդ հատվածի կառուցումը կսկսվի 2026 թ. ապրիլից, իսկ ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 1,6 մլրդ եվրո։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության կտրուկ աճը, նախագիծի կառուցման աշխատանքներն առաջիկայում դժվար թե սկսվեն:
Միևնույն ժամանակ, «Հյուսիս-Հարավ»-ի առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր հիմնական ճյուղերը անցնում են Իրանի տարածքով։ Սա նախագծին հաղորդում է ռազմավարական նշանակություն, սակայն նաև այն դարձնում է զգայուն տարածաշրջանային քաղաքական և ռազմական գործընթացների նկատմամբ։
ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունները Իրանի դեմ արդեն ստեղծել են մի շարք գործնական խնդիրներ, մասնավորապես՝
բարդացել է բեռների ապահովագրությունը, գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի տարածքով անցնող լոգիստիկան դարձել է ավելի անկայուն։ Կասպից ծովում փոխադրումները չեն դադարել, սակայն ընդհանուր համակարգի կայունությունը կտրուկ նվազել է։
Ռուսաստանյան մասնագիտացված գործակալությունների համաձայն՝ եթե մինչ հակամարտությունը սպասվում էր, որ 2026 թ. միջանցքով բեռնաշրջանառությունը կաճի 15-25%-ով, ապա այժմ նույնիսկ ռազմական գործողությունների արագ ավարտի դեպքում կանխատեսվում է մինչև 25% նվազում։ Երկարատև հակամարտության դեպքում հետևանքները կարող են լինել ավելի խորքային։
Այսպիսով, «Հյուսիս-Հարավ» միջանցքը, որը դեռ վերջերս դիտարկվում էր որպես դինամիկ աճի փուլում գտնվող լոգիստիկ նախագիծ, այժմ մտնում է բարձր անորոշության փուլ, որտեղ դրա արդյունավետությունը մեծապես կախված կլինի Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումներից։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան