2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտավ ուժի մեջ:
Այս համակարգի ներդրումը երկար սպասված էր, բայց իրականում պարզվեց, որ այն նաև շատ խնդիրներ է իր մեջ պարունակում, ընդ որում ոչ միայն քաղաքացիների, այլև բժիշկների համար: Առողջապահական համակարգում խառնաշփոթը, որ սկիզբ առավ տարեսկզբին, շարունակվում է մինչ օրս, իսկ պատկան մարմինները, կարծես, ոչինչ չեն ձեռնարկում: Ավելին, օրեր առաւջ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նույնիսկ ծաղրել էր բուժաշխատողներին այն բանի համար, որ նրանք հանդգնել են քննադատել համակարգը, որ իրենց խոցելի է դարձրել, սակայն խելացի մարդիկ երևի տիկին փոխնախարարին մատնանշել էին իր, մեղմ ասաց, "ոչ խելացի", իսկ իրականում՝ անթույլատրելի պահվածքին և այդ տեսանյութը Լենա Նանուշյանը շատ արագ հեռացրել էր: Հարցը, սակայն, հասկացե՞լ է իր սխալը, մնում է բաց:
Ինչևէ: Վերադառնանք ապահովագրության համակարգին:
Այո, բոլոր երկրներում բոլոր ռեֆորմները միանգամից հալած յուղի պես չեն անցնում և միշտ խնդիրներ են առաջ քաշում՝ տեխնիկական, մասնագիտական, որակական և այլն: Հայաստանը չէր կարող բացառություն լինել: Այլ հարց է՝ ի՞նչ է անում պետությունը, որպեսզի ներդրված ռեֆորմը շատ արագ ձերբազատվի խնդիրների ու թերություններից: Փորձենք հասկանալ՝ դիտարկելով առաջնային հենց այն անձանց խնդիրները, ովքեր պետք է ապահովեն համակարգի ներդրման լիարժեք արդյունավետությունը հանրության համար. ի՞նչ խնդիրների բախվեցին բուժաշխատողները:
Փետրվարի սկզբին, այսինքն համակարգի ներդրման առաջին ամսվա ավարտին պարզվեց, որ նոր կարգավորումներով բուժաշխատողները ցածր աշխատավարձ են ստացել.
"Բժիշկները շատ արագ հասկացան, որ իրենց աշխատանքը պետության կողմից գնահատվում է կոպեկներով։
Օրինակներ՝ մաքուր թվերով. Վիրաբուժական դեպք՝ ապենդէկտոմիա. վիրաբույժ – 39 639.6 դրամ, անեսթեզիոլոգ – 7 207 դրամ: Թերապևտիկ ծառայություն՝ բարդացած թոքաբորբի կոնսերվատիվ բուժում. ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ: Որոշ հիվանդանոցներում վճարված ապահովագրական առաջին աշխատավարձը տեղում դարձել է աղմուկի և լարվածության պատճառ։ Մի շարք բժշկական կենտրոններում բժիշկները պարզապես շոկի մեջ են եղել։ Արդյունքը լիովին կանխատեսելի էր։ Գլխավոր մասնագետները, որոնք ամիսներ շարունակ գովերգում էին այս «աննախադեպ ռեֆորմը», այսօր հայտարարում են, որ այս պայմաններով աշխատել չեն կարող։ Բժիշկները տարակուսած են մոտ երեք անգամ նվազած աշխատավարձերից",- իրավիճակին անդրադարձել էր «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Բողոքի առաջին ալիքին հաջորդեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի "բարի լուրը", թե վիրաբույժների և մանկաբարձների տոկոսը բարձրացվել է 5 տոկոսով, իսկ անեսթեզիոլոգներինը՝ ընդամենը 3 տոկոսով: Իրավիճակը, սակայն, սա չմեղմեց, բուժաշխատողները շարունակում են բողոքել համակարգի ոչ կատարյալ լինելուց:
«Բժշկական հասարակությունն արդեն տևական ժամանակ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ է արձանագրում՝ սկսած տեխնիկական համակարգի խափանումներից, վերջացրած ի վերջո վարձատրության պակասով: Նման գումարներով նման պատասխանատվության տակ բուժաշխատողները չպետք է մտնեն։ Ամբողջ աշխարհում բժշկի պատասխանատվությունից ավելի պատասխանատվություն գոյություն չունի: Փորձագիտական համայնքով մենք հակված ենք, որ պետք է լինի ապահովագրություն, դա շատ կարևոր է Հայաստանի բնակչության համար, տպավորություն չստեղծվի, որ մենք ուզում ենք համակարգը խափանվի։ Բայց համակարգը պետք է արդյունավետ լինի, ոչ թե դառնա բողոքի, ծիծաղի, տրոլինգի էպիկենտրոն»,- օրերս Երևանում հրավիրված «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջոցառման կազմակերպիչ բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Ըստ նրա, համակարգի արդյունավետ աշխատանքին խանգարում է բազմաթիվ կոմպոնենտներ՝ սկսած բժշկի աշխատավարձից, վերջացրած ԱՐՄԵԴ համակարգի տեխնիկական թերացումներից, բուժկենտրոնների կեսում չկան գնացուցակներ, կոդեր։ Եվ նրանք առաջարկներ ունեն պետությանը.... ճիշտ է, վստահ չեն, որ պետությունն իրենց ականջալուր կլինի և կընդունի դրանք:
Բժիշկները այս ամիսների ընթացքում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տարբեր կերպ, այդ թվում ֆլեշմոբ արել սոցիալական ցանցերում՝ պահանջելով վերանայել բժիշկների պայմանները, վարձատրությունը.




Ֆլեշմոբին միացել են տասնյակ բուժաշխատողներ ու անվանի բժիշկներ հանրապետության տարբեր ԲԿ-ներից:
Օրեր առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված բժիշկները՝ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, նամակ հանձնեցին բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։
Ի դեպ, այն, որ ներդրված համակարգում կան խնդիրներ, կիսաձայն ընդունում են նաև իշխանության ներկայացուցիչները: Այդպես, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ թափուր պաշտոնի թեկնածու, ՔՊ խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը, որը ժամեր անց ընտրվեց հանձնաժողովի նախագահ, հայտարարել է, որ Հայաստանում առողջապահական ապահովագրության ներդրմանը զուգահեռ արձանագրվել է քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ դիմելիության աննախադեպ աճ և այս առումով "մենք որոշակի խնդիրներ ենք ունեցել":
Նա, մասնավորապես, ընդունել է բժիշկների աշխատավարձերի հետ կապված խնդիրների առկայությունը.
«Մասնագետների համար հունվար ամսվա համար ցածր աշխատավարձերի խնդիրը պայմանավորված է տվյալների մուտքագրման խնդիրներով և ստացված ծավալները ժամանակին մշակելու անկարողությամբ։ Հունվար ամսվա համապատասխան գումարները հետադարձ ձևով կվճարվեն փետրվարին», - վստահեցրել է Օհանյանը։
Նախօրեին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն Հայաստանում․ Ռիսկեր, բացեր, չլուծված հարցեր» թեմայով կլոր սեղան-քննարկումից հետո, որի շրջանակում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, մտահոգությունները և առաջարկությունները, խմբակցությունը առաջարկ է ստացել մասնակիցներից անցկացնել խորհրդարանական լսումներ այս թեմային նվիրված.
«Հաշվի առնելով հարցի ռազմավարական կարևորությունը նրանք խնդրել են կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ ապահովելով ներկայացված առաջարկությունների քննարկումը, ոլորտային քաղաքականության համակողմանի վերլուծություն։ «Հայաստան» խմբակցությունում քննարկվել է առաջարկը, և որոշվել է Ազգային ժողովում կազմակերպել նշված թեմայով աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցության համար կհրավիրվեն ոչ միայն մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, առողջապահության ոլորտի փորձագետներն ու շահառու կողմերը, այլ նաև առողջապահության նախարարը, պատասխանատու անձիք, համապատասխան հանձնաժողովի անդամներ ու պատգամավորներ»,- նշեց պատգամավորը։ Այս պահի դրությամբ ժամկետները հայտնի չեն:
Ի դեպ, այսօր ՔՊ-ական երիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը վստահ հայտարարել է.
«Վստահ եմ՝ փետրվարին մեր բժիշկները գոհունակություն կհայտնեն ստացված աշխատավարձի չափի մասով»:
Սպասենք: Սակայն սա չի նշանակում, որ եթե բուժաշխատողների վարձատրության հարցը կարգավորվի, ապա համակարգը այլ խնդիրներ այլևս չի ունենա: Բայց դա, ինչպես ասում են, այլ պատմություն է...
Լիա Խոջոյան