4.03.2026
Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է
prev Նախորդ նորություն

Առաջ է մղվում Իրանի մասնատման ծրագիր. իրանագետ

Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր՝ Իրաքի հյուսիսում հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկչական խմբավորումների։  


Թեև ուղղակի չի նշվել, թե դրանք կոնկրետ ինչ խմբավորումներ են, բայց գրեթե կասկած չկա, որ խոսքը գնում է ինչ-որ քրդական ուժերի մասին։


Հենց երեկ ամերիկյան «CNN»-ի թղթակիցը հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ ԿՀՎ-ն Իրաքյան Քրդստանի տարածքում զինում է քրդական խմբավորումներին՝ Իրան ցամաքային ներխուժման նպատակով։


Պատերազմի առաջին իսկ օրից տեղեկություներ կան, որ Իրանի դեմ հարվածների նկատելի մասը կենտրոնացած են նաև այս երկրի արևմտյան սահմանների երկայնքով մեկ՝ սահմանապահ հենակետերի և ենթակառուցվածքների վրա։


Երեկ Իրանի գահընկեց շահի որդին հատուկ ուղերձով թվարկեց Իրանի բոլոր արևմտյան սահմանային նահանգները և դրանցում բնակվող խոշոր քրդական ցեղամիավորումները, կոչ անելով նրանց ապստամբել։


Այս ելույթն այնքան օդիոզ էր, որ նույնիսկ նրա, պատկերավոր ասած, «փռշտալը» եթեր տվող «Iran International» ալիքը, խուսափեց այն տարածելուց։


Համացանցում տարածված Իրանի արևմտյան քրդաբնակ տարածքների քարտեզը (տեղանունները քրդական տարբերակով են), որի վրա ցույց են տրված իսրայելական և ամերիկյան հարվածները տեղի իրանական սահմանապահ և ռազմական ենթակառուցվածքներին, ուղղակի խոսուն է։


Կասկած չկա, որ ռազմական գործողությունների հետնաբեմում բավական ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիր։

Իրանագետ Վարդան Ոսկանյան