Վարչապետ Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահին Խամենեիի մահվան առթիվ
Լուսանկարը` primeminister.am
ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ իր խորին զորակցությունը հայտնելով երկրի ղեկավարության և քաղաքացիների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը մեծ մտահոգությամբ է հետևում Իսլամական Հանրապետության շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին։ Կառավարության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել իրանցի քաղաքացիների և պետության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում արձանագրված զոհերի կապակցությամբ։
Հեռագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին. վարչապետը շեշտել է նրա անձնական նշանակալի դերը հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ այն մշտապես կհիշվի:
Եզրափակելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում օր առաջ կվերահաստատվեն խաղաղությունն ու կայունությունը։ Այս դժվարին ժամանակահատվածում նա համբերություն է մաղթել նախագահ Փեզեշքիանին, իսկ հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին՝ տոկունություն և խաղաղություն։
Հատկանշական է, որ Երևանի պաշտոնական ցավակցությունները հնչեցին Իրանի դեմ պատերազմի միայն երրորդ օրը։ Նման հապաղումը նկատելի տարակուսանք է առաջացրել փորձագիտական և քաղաքական հանրության շրջանում։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում աննախադեպ էսկալացիան սկսվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի հենց առաջին օրը զոհվել է Ալի Խամենեին։ Հակամարտությունը սրընթաց կերպով ընդգրկում է տարածաշրջանի այլ երկրներ. Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, մինչդեռ Իսրայելը թիրախավորում է նաև Լիբանանը։