Թրամփի շրջապատն ուզում է, որ Իսրայելն առաջինը հարձակվի Իրանի վրա
Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները նախընտրում են, որ Իսրայելն առաջինը հարձակվի Իրանի վրա, նախքան ԱՄՆ–ի հարվածները։
«Վարչակազմում և նրա շուրջ կա այն կարծիքը, որ շատ ավելի լավ կլինի, եթե իսրայելցիները գործեն առաջինը և միայնակ, իսկ իրանցիները հակահարված տան և մեզ ավելի շատ արդարացում տան գործողություններ ձեռնարկելու համար», - ասել է աղբյուրներից մեկը։
Ըստ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, Իսրայելի հարվածը կստիպի Իրանին հակահարված տալ, ինչը կօգնի ամերիկյան հանրության շրջանում աջակցություն ստանալ ռազմական հարձակման համար։
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, չնայած ԱՄՆ-Իրան բանակցությունների լուրջ բնույթին, Թրամփին ամենամոտ գտնվողները կարծում են, որ «մենք պատրաստվում ենք ռմբակոծել նրանց»։
Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները փետրվարի 26-ին Ժնևում կանցկացնեն բանակցությունների նոր փուլ՝ քննարկելու Իրանի միջուկային խնդրի լուծման տարբերակները։
Ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը դրականորեն է արտահայտվել ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցությունների մասին: Այնուամենայնիվ, Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ դիվանագիտական կարգավորման այս փորձը կարող է վերջինը լինել, և եթե այն ձախողվի, Թրամփը կարող է լայնածավալ ամերիկա-իսրայելական գործողություն սկսել Իրանի դեմ: