Պետության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները հասել են լարվածության նոր փուլի։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրեական գործի հարուցումը նշանավորեց անցումը տևական գաղափարական հակամարտությունից դեպի անձամբ Վեհափառի վրա ուղղակի իրավական ճնշումների փուլ։ Մոտեցող խորհրդարանական ընտրությունների ֆոնին իշխանությունը ցուցադրում է արմատական քայլերի գնալու պատրաստակամություն ոչ միայն երկրի ներսում, այլև սփյուռքի ազդեցիկ շրջանակների հետ հարաբերություններում։
Արդյո՞ք այս հակամարտությունը կառավարող թիմի ուժի նշանն է, թե՞ կանխարգելիչ փորձ՝ չեզոքացնելու ինքնավարությունը պահպանած միակ ինստիտուտները։ Ինչո՞ւ հայաստանյան քաղաքականության մեջ «կացինը» վերջնականապես դուրս մղեց «նշտարին», և ի՞նչ հետևանքներ կունենա նման ռազմավարությունը պետության սոցիալական լեգիտիմության համար։
VERELQ-ի հետ հարցազրույցում քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վերլուծում է կառավարելի ապատիայի ստեղծման տեխնոլոգիան և բացատրում, թե ինչու են նախընտրական հաշվարկներն այսօր ավելի կարևոր դառնում, քան հասարակության երկարաժամկետ կայունությունը։

Լուսանկարում Ալեքսանդր Իսկանդարյանն է
VERELQ. Պարոն Իսկանդարյան, այսօր մենք ականատես ենք լինում պետության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերություններում լարվածության նոր ալիքի, որի գագաթնակետը դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական գործի հարուցումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը իշխանության և Եկեղեցու պայքարի համատեքստում։ Ինչո՞ւ ենք տեսնում իրավիճակի մշտական արմատականացման գործընթաց, և հնարավո՞ր է արդյոք ակնկալել այս հակամարտության հանգուցալուծում մինչև ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրությունները։
Ալեքսանդր Իսկանդարյան. Այն, ինչ մենք տեսնում ենք, նախընտրական իրավիճակի մի մասն է։ Այլ հարց է, թե որքանով էր եկեղեցին իրականում վտանգ ներկայացնում իշխող ուժի համար։ Ես, օրինակ, չեմ կարծում, թե այն նման վտանգ էր ներկայացնում։
Բայց կարևոր չէ, թե ինչ եմ կարծում ես։ Ակնհայտորեն, իշխանությունները փորձել և փորձում են պայքարել երկու սուբստանցիաների կամ ինստիտուտների դեմ, որոնք որևէ կերպ ուղղակիորեն չեն ենթարկվում կառավարությանը։ Դրանք են սփյուռքը (ավելի ստույգ՝ սփյուռքի հարուստ մարդիկ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) և եկեղեցին։ Սա «հեռավոր մատույցներում» սեփական անվտանգությունն ապահովելու փորձ է՝ կապված եկեղեցու դիրքորոշման հետ ասոցացվող ռիսկերի հետ։
Սա տեղի է ունենում այն պատճառով, որ դասական քաղաքական ընդդիմությունից՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, իշխանությունը, որքան ինձ թվում է, իրական ռիսկեր չի տեսնում։ Եվ, համապատասխանաբար, պայքարում է եկեղեցու դեմ։ Սա կտևի առնվազն մինչև ընտրությունները։ Թե ինչ կլինի հետո՝ կտեսնենք, քանի որ այդ ժամանակ իրավիճակն ընդհանուր առմամբ կփոխվի։
Բացի այդ, ինձ թվում է, որ հասարակության բևեռացման սրումը կարող է լինել գիտակցված տեխնոլոգիա՝ արմատականացման օգտագործումը որպես ռեսուրս։ Չէ՞ որ նման գործընթացներն ինքնին հանգեցնում են հասարակական ապատիայի։ Իսկ ապատիան, ընդդիմադիր ուժերի ակտիվացման ֆոնին, կարող է ի վերջո հաջողություն բերել հենց իշխող ուժին։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք սա «ըստ պլանի» հստակ հաշվարկված ռազմավարություն է, թե՞ ոչ, բայց իմաստը կարող է հենց դա լինել։ Սրան կարող են գումարվել նաև անձնական, էմոցիոնալ պահեր, որոնք ուժեղացնում են էֆեկտը։
Եվ վերջինը. ինձ բնավ չի թվում, թե Կաթողիկոսն ի սկզբանե մի մարդ էր, որի հետ հնարավոր չէր պայմանավորվել։ Ընդհակառակը, նա լիովին բանակցելի անձնավորություն էր։ 2018-ին դա հաստատվեց, և այս ամբողջ ընթացքում իրավիճակը քիչ թե շատ նորմալ էր։ Սակայն հեղափոխությունից ծնված իշխող ուժի բնազդներն այնպիսին են, որ նուրբ կոնսենսուսային մեխանիզմներով, զիջումներով և պայմանավորվածություններով աշխատանքը նրանց ոճը չէ։
VERELQ. Այսինքն, ինչպես հաճախ եք ասում՝ նրանք աշխատում են ոչ թե նշտարով, այլ կացնո՞վ։
Ալեքսանդր Իսկանդարյան. Այո՛, դա իմ արտահայտությունն է։ Աշխատել ոչ թե նշտարով, այլ կացնով, ոչ թե ունելիով, այլ մուրճով. սա ոճի հարց է։ Ընդ որում, ես հակված չեմ կարծելու, որ այստեղ ենթատեքստը բացառապես հոգեբանական է։ Կան նաև օբյեկտիվ հիմքեր եկեղեցու և այն գաղափարախոսության միջև հակասությունների համար, որը փորձում է մշակել իշխանությունը։ Այդտեղ նրանք օբյեկտիվորեն հակադրվում են միմյանց։ Բայց ինձ թվում է՝ տեղի է ունենում «փայտը ծռելու» գործընթաց, կարելի էր նաև առանց դրա յոլա գնալ։
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործին, ապա, իմ կարծիքով, նպատակն ակնհայտ է՝ խոչընդոտել նրա այցը Ավստրիա։ Իշխանությունները հայտարարում են, թե նա իբր ուզում է հեռանալ և իր հետ տանել գանձերը։ Նույնիսկ չքննարկելով այդ հայտարարությունների հավաստիությունը՝ նշեմ. գործը հարուցված է ոչ թե գանձերի պատճառով։ Սա համակարգային ճնշման և դատական համակարգի անկախության բացակայության հարց է։ Ամեն ինչ արվում է որոշակի շփումներ թույլ չտալու կամ դրանք տապալելու համար։
VERELQ. Հաշվի առնելով հասարակական ապատիան և ներկայիս սոցիոլոգիան՝ արդյո՞ք իշխանությունների նման ռազմավարությունը՝ պայքար մղել բոլոր ճակատներով, ներառյալ սփյուռքը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, և եկեղեցին, շահեկան է։
Ալեքսանդր Իսկանդարյան. Քաղաքագետի համար հինգ ամիս առաջ կանխատեսում անելը սխալ է։ Բայց ինչպես ասում են սոցիոլոգները՝ «եթե ընտրությունները լինեին վաղը», ապա շատ հավանական է, որ այս ռազմավարությունը կաշխատի։
Այլ հարց են երկարաժամկետ հետևանքները։ Պարզ է, որ այն լեգիտիմությունը, որը իշխանությունը կստանա ընտրություններից հետո (եթե իմ կանխատեսումը ճիշտ է), կլինի զուտ բյուրոկրատական լեգիտիմություն։ Իսկ սոցիալական լեգիտիմությունը այս գործընթացների արդյունքում կնվազի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է խնդիրներ առաջացնել։
Բայց հիմա խոսքը ոչ թե երկարաժամկետ ռազմավարության, այլ ընտրությունների մասին է։ Իշխանությունները հասկանում են, որ բարձր սոցիալական լեգիտիմություն ստանալ դժվար թե հաջողվի, ուստի նրանք շեշտը դնում են բյուրոկրատական և, որ կարևոր է, արտաքին լեգիտիմության վրա։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը, մայիսին նախատեսված լայն եվրոպական խորհրդակցությունը՝ այս ամենը դրսից աջակցություն ստանալու աշխատանք է։ Այստեղ են տեղավորվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացները։ Արտաքին լեգիտիմությունն այն է, ինչ նրանք փորձում են կցել երկրի ներսում առկա բյուրոկրատական լեգիտիմությանը։ Սա է նրանց ռազմավարությունը։