«Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ
«Մայր Հայաստան»-ը, դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած և արդեն իսկ տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հենց այս ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնաբար: Այս մասին համագումարի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով, «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե աշխատասենյակներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ՝ ուսուցիչներ ու բիժշկներ, քաղաքաբնակներ ու գյուղաբնակներ, բիզնեսի ներկայացուցիչներ ու ուսանողներ:
"Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայնում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս: Եվ նրանց ձայնը լսելի է դառնում: Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ մեկ այլընտրանքը: «Մայր Հայաստան»-ն իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, դառնալով համահեղինակ",- ասաց Թևանյանը:
«Ընտրություններին ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալը ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն»,- հավելեց նա:
Ապա հիշեցրեց, որ հունիսի 7-ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի այս "ստի ու կեղծիքի, պոպուլիզմի, խաբեության իշխանության դեմ պայքարում, որը բոլորիցս խլեց մեր պետականությունը".