Հունվարին Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հայտնեց, որ իր բնակարանում քննչական մարմինները խուզարկություն են իրականացնում։ Ընդ որում, խուզարկությունից մեկ օր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան Դեմոյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Ամիսներ առաջ նույն պահանջով դատարան էր դիմել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ինչո՞ւ ենք վերադառնում այս հարցին: Քանի որ հարցականները շատ են՝ ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ տարիների շարունակ նույն Արարատ Միրզոյանը որևէ հայց չի ներկայացրել, թեպետ տարիներ շարունակ Հայկ Դեմոյանը, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց, այդուհանդերձ, կասկածներ է հայտնել, որ գուցե հենց Միրզոյանն է գողացել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից արժեքավոր 19 գրքերը, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել:
VERELQ փորձեց վերականգնել դեպքերի ժամանակագրությունը՝ զրուցելով Հայկ Դեմոյանի հետ:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2021 թ. ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարութոյւն Մարությանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` հափշտակումների մասով: Հ. Մարությանը նախաքննական մարմիններին ներկայացրել է կեղծ ցանկ, որի կապակցությամբ Հ. Դեմոյանը ցուցմունք է տվել, բայց այդ ցուցմունքների մի մասը անհետացել է, իսկ հայտարարություն տված անձը՝ ինստիտուտի նախկին տնօրեն Հարություն Մարությանը, որևէ շահագրգռվածություն չի ցուցաբերել, որ այդ գործը մտնի դատաքննության փուլ:
- Այսինքն, ստացվեց, որ միայն ես էի շահագրգիռ, որ բացահայտվեն անհայտացած միավորները, այն դեպքում, երբ հայտարարություն տվողը և քրեական գործ հարուցելու նախաձեռնողը հենց Հ. Մարությանն էր: Ըստ ամենայնի, իրական բացահայտումները Հ. Մարությանին պետք չէին: Բայց անցյալ տարեվերջին այս գործում որոշակի շարժ արձանագրվեց, փոխվել է քննիչը՝ Լուսինե Հայկյանին փոխարինել է Աննա Խաչատրյանը: Սա երրորդ քննիչն է այս գործով, իսկ Հարություն Մարությանի կողմից ներկայացված ցանկը՝ անհետացած իրերի մասով, ի սկզբանե եղել է կեղծ, ուռճացված, որի մասով ես քննիչին ասել եմ, որ դա կեղծ է, որ առարկաների մեծ մասը չի կարող բացակայել թանգարանից և այդպես էլ եղավ. 100-ից ավելի իր հայտնաբերվել են թանգարանում, աշխատակիցների տանը, գրադարակներում: Այսքանը ենթադրել է տալիս, որ առաջին քայլը պետք է լիներ Հարություն Մարությանի նկատմամբ խափանման միջոց սահմանելը, որովհետև կեղծ տվյալներ է հայտնել նախաքննությանը: Բայց դա տեղի չունեցավ, քանի որ Մարությանը վայելում է իշխանությունների հովանավորչությունը և վստահ է, որ անպատժելի կմնա` հաշվի առնելով վերջինիս, ինչպես նաև մի շարք ազգագրագետների խայտառակ դերակատարոթյունը 2018 թվականի հակապետական իշխանափոխության ժամանակ:
- Իսկ ո՞րն է Հարություն Մարությանի շահագրգռվածությունը:
- Հիմքն այն է, որ շատ եմ քննադատել Մարությանին այն բանի համար, որ ինքը անօրինական կարգով է ընտրվել տնօրեն, օրինախախտ ճանապարհով է դա տեղի ունեցել, և մինչ օրս էլ չկա իմ ազատման հրամանը: Ավելին, շուրջ մեկուկես տարի յուրացրել են իմ աշխատավարձը, շուրջ 300 000 դրամ չեն վճարել՝ ո՛չ նախարարությունը, ո՛չ Հարություն Մարությանը: Եվ ես ունեմ ենթադրություն, որ այդ ընթացքում միգուցե իմ գումարը տնօրինում էին այլ նպատակների համար: Հետո անօրինական մի փաստաթուղթ կազմվեց 2019 թ. հոկտեմբերին, որ այդ գումարը տան ու համարեն, որ ես ոչ մի պարտք չունեմ, բայց դարձյալ չկա ազատման հրամանը:
Աշխատանքային օրենսգիրքն ասում է՝ մարդն ազատվում է, երբ կա ազատման հրաման, իսկ եթե այն չկա, ես ցանկացած պահի կարող եմ կրկին վիճարկել դատական կարգով: Բայց այստեղ առաջին հերթին պետք է հասկանալ, թե այս քրեական գործով ինչու կեղծ ցանկ ներկայացվեց Հարություն Մարությանի կողմից և ինչու հարուցվեց 2021 թվականին: Եվ ինչու ինձ չհրավիրեցին թանգարանում ընդունման-հանձնման գործողություններին մասնակցելու համար, ինչպես ես դա արեցի, երբ 2006-ն դարձա տնօրեն և նախկին տնօրինությանը հրավիրեցի: Իսկ ես հայտարարել եմ, որ իմ բացակայության ժամանակ այլ անձինք, այդ թվում նաև թանգարանի հետ կապ չունեցող, մտել են իմ աշխատասենյակ, որտեղից իրեր են կորել, այդ թվում անձնական, եղել է նոր բերված արժեքավոր թանգարանային գույք, բայց քանի որ այս ամենը տեղի ունեցավ 2018-ի հեղափոխության կրքերի եռման փուլում: Այդ օրերին, ներխուժելով իմ առանձնասենյակ, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ես ոչ մի իրավասություն չունեմ այլևս, ինչը ևս քրեորեն պատժելի արարք է, քանզի նա ապակողմնորոշել է հանրությանը` տարածելով կեղծ լուրեր, չունենալով ազատման հրաման ու աշխատավարձի հատուցման փաստաթղթեր:
Բայց քանի որ, կրկնում եմ, այդ պահին չի եղել իմ ազատման հրամանը, դա եղել է իմ աշխատասենյակը, ուր իրենք մտել են անօրինական կերպով`Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Այսինքն, պետք է խուզարկություններ իրականացվեն ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի, Արայիկ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և Հարություն Մարությանի տանը ևս: Ինչի մասին ես հայտարարել եմ:
- Գործը դոփում է տեղո՞ւմ:
- Կարևոր հանգամանք կա. ես տեղյակ եմ, որ Ֆրանսիայում որոշ քննչական գործողություններ են սկսվել, որտեղ բնակվում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանը: Նա ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ Հարություն Մարությանին տնօրեն կարգելու ժամանակ: Ռայմոն Գևորգյանը Թուրքիա ավելի հաճախ էր այցելում, քան Երևան: 2015-ին Փարիզում մեր ցուցադրության ժամանակ թանկարժեք իր է կորել, համապատասխան տեսագրությունն ու լուսանկարները ես տվել են իրավապահներին: Այդ իրի անվտանգության պատասխանատուն Ռ. Գևորգյանն էր: Այս պահին տեղյակ եմ, որ ինչ-որ շարժ կա:
- Իսկ ի՞նչ նորություն կա 2004 թվականին թանգարանից գողացված թանկարժեք 19 գրքերի մասով, որի մասին Դուք բարձրաձայնել էիք, հնչել էին ներկայիս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների անուններ, բայց գործը այդպես էլ ընթացք չստացավ ու կարճվեց:
- Այո, իմ նախաձեռնությամբ 2007-ին հարուցվեց քրեական գործ, բայց ես միշտ հանրային հայտարարությունների ժամանակ հղում եմ տվել անմեղության կանխավարկածին: Ես նշել եմ, որ տեղեկատվությունը ստացել են նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանից, ով հայտնել էր գրքերի գողության մասին, բայց ոչ մի իրավական ընթացք չէր տվել, ինչը ինձ շատ զարմացրեց: Դա ես արեցի, իսկ իմ հարցին՝ ինչ է կարծում, ո՞վ կարող է գողություն արած լինել, անմիջապես պատասխան եղավ՝ ասպիրանտները: Այդ պահին ես դեռ չգիտեի, թե ովքեր են եղել ասպիրանտները, հետո տեղեկացա, որ այդ տարիներին ՀՑԹԻ ասպիրանտներ են եղել՝ Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը և Միքայել Մինասյանը (Վատիկանում ՀՀ նախկին դեսպան): ՀՑԹԻ աշխատակիցներից տեղեկացա, որ անհայտացած գրքերի հետ կապված հարցաքննության են կանչվել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:
Ես գիտեմ, որ առերեսման թե հարցաքննության ժամանակ Արարատ Միրզոյանը փորձել է գողության փաստը վերագրել աշխատողներից մեկին: Ես կրկնում եմ՝ մենք չենք կարող պնդել, որ գողությունը հենց Արարատ Միրզոյանն է արել, կարող է հենց նույն տնօրենն է գողացել, բայց նշվել է, որ կասկած կա, որ ասպիրանտներն են, իսկ նրանց անունները հայտնի են:
- Եվ վե՞րջ:
- Այո, ոչինչ չկա այդ գործով: Ունենք միայն մի փաստ, որ 2007-ի ամռանը իմ կողմից գործը հարուցելուց հետո, նոյեմբերին Արարատ Միրզոյանը ինչ փաստաթղթի տակ էր ստորագրել (ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու մասին է խոսքը – խմբ.): Ես գիտնական մարդ եմ, սիրում եմ վերլուծել ու համադրել եղած փաստերը. գործը հարուցելուց հետո նույն տարում Արարատ Միրզոյանը, իր ասելով, փորձել է օգնել ԱԱԾ-ին: Ես ենթադրում եմ, որ հնարավոր է չպատժվելու դիմաց է եղել համագործակցության համաձայնությունը: Դա, կրկնում եմ, իմ ենթադրությունն է, վարկածը: Իսկ հիմա տեսնում ենք, թե Արարատ Միրզոյանը ինչ պաշտոններ է զբաղեցնում, գողոնը չկա, իսկ գործը կարճված է:
- Անցած աշնանը տեղեկացանք, որ Արարատ Միրզոյանը Ձեր դեմ հայց է ներկայացրել, հերքում է պահանջում: Ինչո՞ւ այսքան տարի հետո:
- Որովհետև ինքը ուրիշ անելիք չունի պաշտպանական առումով, ինքը պարտավոր էր որևէ քայլ աներ, ցանկացած քայլ, բայց դա սխալ քայլ է: Ավելին, բացի Միրզոյանից, իմ դեմ դատական հայցեր են ներկայացրել Վլադիմիր Վարդանյանը, Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունն ու Արայիկ Հարությունյանը: Սա աննախադեպ մի երևույթ է: Տեղեկատվական պատերազմի կանոններով, վերջիններս արդեն պարտված կողմ են և այս պարագայում իրենց նույնիսկ չի օգնի լիովին ենթակա ու հնազանդ դատաիրավական համակարգի աջակցությունն ակնկալելը: Իրենք այդպես էլ չեն գիտակցել, թե ինչպիսի ծուղակում են հայտնվել և որ արդեն պարտված են: Դա հասկանալու համար կստանան շատ լուրջ հարված բոլորովին այլ տեղից, եթե շատ արագ հետ չքաշվեն ու սկսեն լուրջ կշռադատել իրենց քայլերի ու հետևանքների շուրջ:
- Պարոն Դեմոյան, ի վերջո, ի՞նչ գրքեր էին անհետացել ինստիտուտ-թանգարանից, ցանկը որևէ տեղ չկա:
- Թանկարժեք 19 գրքերի ու աշխատությունների մասին է: Օրինակ, Ղևոնդ Ալիշանի «Այրարատ»-ը Վենետիկում տպագրված շքեղ հրատարակությունը, Աստվածաշնչեր կան, հոգևոր գրականություն, 17-18-րդ դարի յուրատիպ գրքեր: Պետք է փնտրել ու վերադարձնել ՀՑԹԻ գույքը` անկախ բոլոր հանգամանքներից ու պատճառներից:
Լիա Խոջոյան