5.02.2026
Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին
prev Նախորդ նորություն

Հարցը մնում է այն, թե ինչպես պետք է լուծվի մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը

Արցախի պատանդառված ռազմա-քաղաքական ղեկավարության հանդեպ Ադրբեջանի կայացրած դատավճիռը ըստ էության պատկերը չի փոխում ոչնչով, պարզապես հերթական անգամ ցավեցնում, խոցում է ցանկացած ողջախոհ հայի սիրտ ու արժանապատվություն:


Միաժամանակ, մտքի իմաստը հարցը շարունակում է մնալ նույնը՝ ինչպես հասնել պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակման: Այդ հարցը նույնն էր մինչեւ դատավճիռը, նույնն է դատավճռից հետո էլ: Կարծում եմ որեւէ մեկի մոտ չկար կասկած, որ կայացվելու էր հենց այդպիսի վճիռ:


Ըստ այդմ, կրկնեմ, հարցը շարունակում է մնալ այն, թե ինչպես պետք է լուծվի մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը: Այստեղ էլ, դժբախտաբար չկա կասկած, որ նրանց պատանդառությունը ունի մեկ նպատակ՝ պայմաններ թելադրել Հայաստանին, օգտագործելով պատանդների հանգամանքը:


Ես չեմ էլ բացառում, որ պայմաններից հերթականը քննարկվել է օրինակ Աբու Դաբիում: Ընդ որում, ինչպես անդրադարձել եմ այդ հանդիպման առնչությամբ նախօրեին Օրվա թեմայի թողարկմանը, այստեղ հնարավոր է գուցե որոշակի կապ տեսնել ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցի հետ: Նկատի ունեմ, գուցե նաեւ անմիջականորեն մեր պատանդառված հայրենակիցների մասով:


Չեմ բացառում, որ ամերիկյան կողմը այդ ուղղությամբ արել է որոշակի դիտարկումներ: Այստեղ կա մեկ այլ հարց՝ ամերիկացիները կաշխատե՞ն լոկ այսպես ասած մարդասիրության մղումով, թե՞ նրանք կարող են այդ հարցում եւս առաջարկել լոկ գործարք՝ Հայաստանն ինչ որ բան պետք է տա Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ լուծի պատանդների ազատ արձակման հարցը:


Առայժմ, որքան էլ հնչի հոռետեսական, չեմ տեսնում պարզապես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոցով հարցը լուծելու իրատեսական հնարավորություն, դրա համար բավարար աշխարհաքաղաքական միջավայր: Հետեւաբար, կարծում եմ հարցի լուծման առավել իրատեսականը որեւէ խոշոր դերակատարի միջնորդությամբ գոնե հարաբերականորեն ընդունելի որեւէ գործարքի միջոցով: Հենց այստեղ է, որ ցանկությունից բացի՝ իհարկե, շատ կարեւոր է այդ հարցով զբաղվողների դիվանագիտական հմտությունը, բանակցելու ընդունակությունը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան