3.02.2026
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում հանդիպում է կայացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ

Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը:


Փորձագետների հետ հանդիպել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:


Նախատեսված մի շարք հանդիպումներից եւ քննարկումներից հետո փորձագետները պատրաստելու են զեկույց, որում, մասնավորապես, ներառվելու են ինչպես հանդիպումների ժամանակ հնչեցված տեսակետները, այնպես էլ առաջարկները:


«Մեզ համար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքներն ու տեսակետները, որոնք մեզ հնարավորություն կտան հասկանալ իրականությունը եւ ավելի կհեշտացնեն մեր գործը, երբ պատրաստենք զեկույցը»,- նշել է փորձագետ Դինարա Դիլդաբեկովան:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցության, կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության հարցերին:


Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության ոլորտները, առանձնահատուկ կարեւորել հանձնաժողովի աշխատանքներում կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը:


Խոսելով Հայաստանում գենդերային քաղաքականության վիճակից՝ հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ առանձնացնելով ամուսնության տարիքային շեմի բարձրացումը: Նշվել են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը: Պատգամավորները ներկայացրել են մշակման փուլում գտնվող օրինագծերը:


Օրենսդիրները, ընդհանուր առմամբ, արդյունավետ են գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները:


 

Էրեբունու առանց էլեկտրականության մնացած բնակիչները փոխհատուցում են պահանջում
Հաջորդ նորություն next