3.02.2026
Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների»
prev Նախորդ նորություն

Գնացել է «Եռաբլուր»՝ ի՞նչ ասի. Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահից ներողություն

«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից։ Պահանջը վերաբերում է Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու հայտարարությանը։


Նախագահականի դիմաց հավաքված քաղաքացիները Վահագն Խաչատուրյանի խոսքը գնահատել են որպես անընդունելի քայլ՝ նշելով, որ այն խաթարում է ազգային արժանապատվությունը և վիրավորում զոհվածների հիշատակը։


«Վահա՛գն Խաչատուրյան, դու պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել։ Քեզ սպասելու ենք «Եռաբլուր»-ում։ Եթե ուժ չունես ներողություն խնդրելու համար, պահանջելու ենք, որ լքես այս պաշտոնը։ Թույլ չենք տալու, որ մեր ցավի վրա այս իշխանությունն իրեն լկտի ձևով պահի։ Ալիևին ինչի՞ համար ես շնորհակալություն հայտնում. պիտի գաս և ներողություն խնդրես»,– հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։


Զոհված զինծառայողի ծնող Մերի Ավագյանը ևս անընդունելի է համարել այն փաստը, որ Վահագն Խաչատուրյանը Ալիևին շնորհակալություն հայտնելուց հետո այցելել է «Եռաբլուր»։


«Գնացել է «Եռաբլուր»՝ ի՞նչ ասի։ Ասի՝ տղե՛րք, ապրեք, որ ձեզ զոհեցինք։ Ի՞նչ է նշանակում՝ գնա այնտեղ մեզ խայտառակ անի, հետո գա այստեղ ու ձևականորեն գլուխ խոնարհի»,– ասել է նա։


Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել էր. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին՝ դրսևորված քաղաքական կամքի համար։ Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»։


 


 

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին
Հաջորդ նորություն next