29.01.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Նորագյուղ թաղամասում 65 հազար բնակչի համար կկառուցվի 155 շենք. Ավինյան

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Նորագյուղ թաղամասի վերակառուցման հսկայածավալ ծրագիրը, որի շրջանակում կկառուցվի 155 շենք՝ նախատեսված շուրջ 65 հազար բնակչի համար: Կառավարության նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի մայրաքաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափման և քաղաքային նոր միջավայրի ձևավորման տեսանկյունից։


83,9 հեկտար տարածք ընդգրկող այս ծրագիրը ենթադրում է շուրջ 2,5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում, որտեղ հնամաշ ենթակառուցվածքներին կփոխարինեն ժամանակակից լուծումները: Դեռևս 2023 թվականին բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախագիծը կլուծի թաղամասի տասնամյակների խնդիրները՝ նեղ փողոցներից մինչև կոյուղագծերի բացակայություն: Կարևոր է նաև սոցիալական բաղադրիչը. տարածքի բնակիչները կստանան փոխհատուցում իրենց գույքի շուկայական արժեքից 30 տոկոսով ավելի չափով, ինչը երաշխավորում է արդարացի օտարման գործընթացը:


Քաղաքաշինական այս հեղափոխությունը նաև լայն հնարավորություններ է ստեղծում Երևանի էկոլոգիական վիճակի բարելավման համար: Ծրագրից գոյացած միջոցներն ուղղվելու են Երևանյան լճի մաքրմանը և Դալմայի այգիներին հարակից շուրջ 250 հեկտար տարածքի անտառապատմանը: Փաստացի կյանքի է կոչվում դեռևս նախորդ դարի սկզբին նախանշված, բայց այդպես էլ չիրականացված տեսլականը, որը Նորագյուղը կվերածի Երևանի ամենաարդիական և կանաչապատ հատվածներից մեկի: