«Երևան-Դաունթաուն». մայրաքաղաքում կկառուցվե՞ն 70-հարկանի երկնաքերեր
Լուսանկարը` yerevan.am
Կառավարության հունվարի 29-ի նիստում հավանության է արժանացել Երևանի հարավ-արևմտյան մուտքի մոտ՝ Նորագյուղ թաղամասի և «Պասկևիչի բլուր» տարածքի շուրջ 81 հեկտարի վրա «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի հիմնման նախագիծը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի մայրաքաղաքի այս հատվածը վերածել ժամանակակից գործարար և մշակութային հանգույցի։
Որոշման համաձայն՝ գործադիրը լիազորել է Երևանի քաղաքապետին պետության անունից պայմանագիր կնքել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունների հետ, ինչը հիմք կհանդիսանա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար։ Ծրագրի հիմնասյունը լինելու են 70-հարկանի երկնաքերերը, որտեղ կկենտրոնանան խոշոր բանկեր, միջազգային հյուրանոցներ, դիվանագիտական ներկայացուցչություններ և մշակութային օջախներ՝ Երևանը դիրքավորելով որպես տարածաշրջանային կարևոր բիզնես կենտրոն։
Նախագիծը ենթադրում է նաև տրանսպորտային համակարգի համապարփակ բարելավում, մասնավորապես՝ Ծովակալ Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող նոր ճանապարհահատվածի կառուցում, որը կկապվի Մոնթե Մելքոնյան փողոցին։ Գործարար միջավայրին զուգահեռ տարածքում կձևավորվեն նոր բնակելի թաղամասեր՝ ապահովված անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքներով՝ դպրոցներով ու մանկապարտեզներով։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչապատմանը. ընդարձակ հանգստի գոտիները, համալրված նոր ջրային մակերեսներով, կդառնան քաղաքի նոր այցեքարտերից մեկը։