28.01.2026
Քաղաքականություն՝ սգի փոխարեն. Փաշինյանի «երկնային բանակը»
prev Նախորդ նորություն

Եվրոպացիների հերթական աջակցությունը Փաշինյանի իշխանությանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին՝ Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ, այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը` համապետական ընտրություններին ընդառաջ, փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի «գաղութացումից» ազատագրվելու մասին։ Իշխանություններն էլ, ըստ ամենայնի, որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառմանը, անգամ գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, որոշել են այս տարի ոչ աշխատանքային հռչակել՝ տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սեւեռեն այդ «հույժ կարեւոր» միջոցառման վրա։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում, եւ Երեւան քաղաքի տրանսպորտի երթեւեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել: 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ: Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար` 2025-ի դեկտեմբերի 26-ին եկավ, ասաց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասաց՝ որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջույններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա ու ողջույններ եմ հղում իրեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ադրբեջանական գերությունից օրեր առաջ վերադարձած Գեւորգ Սուջյանը։


Սուջյանը պատմել է նաեւ Ադրբեջանում կոպիտ խախտումներով տեղի ունեցած իր դատավարության, խոսել անհնարին եւ հնարավոր ձեւերով պայքարի մասին: Նա անուղղակիորեն քննադատում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ անգամ իր սիրելի Նիկոլ Փաշինյանին. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի եւ ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է»: Այսպես է գրել նա իր ֆեյսբուքյան էջում։ Գեւորգ Սուջյանին հարցրինք՝ երբվանի՞ց եք պատրաստվում մյուս գերիների ազատության հետ կապված ակցիաներ իրականացնել, պայքարել։ «Ինձ մի քիչ ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար, այնուհետեւ կապ կհաստատեմ գերիների հարազատների հետ, որպեսզի պայքարենք մեր բռնադատված հայրենակիցների համար, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ համայն սփյուռքով»։ Ձեր ուղիղ եթերում նշել եք, որ խոսել եք, ապա հանդիպելու եք վարչապետի հետ: Մենք նաեւ տեղեկություն ունենք, որ Ձեզ առաջարկվել է առաջիկա ընտրություններին մասնակցել ՔՊ կուսակցության ցուցակով: Նման առաջարկ ստացե՞լ եք վարչապետից կամ ՔՊ կուսակցությունից։ «Ես վարչապետի հետ չեմ հանդիպել, այլ հեռախոսազրույց եմ ունեցել, կարող եք լսել նորից հայտարարությունս, բայց նշել եմ, որ հանդիպում լինելու է, վարչապետի հետ խոսելու ժամանակ որեւէ քաղաքական հարց չի քննարկվել, ոչ մի առաջարկ չի եղել վարչապետից։ Վարչապետն ուղղակի հետաքրքրվել է իմ որպիսությունից: ՔՊ գրասենյակից ոչ մեկի հետ ոչ մի զրույց առհասարակ չի եղել»:


Հիշեցնենք, որ Սուջյանը գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո, Շուշի ուղեւորվելիս: Նա մեղադրվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված կազմավորում ստեղծել եւ պետական սահմանն ապօրինի հատել։ Գեւորգ Սուջյանը դատվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ 2021 թ. հուլիսի 14-28-ը եւ 2021 թ. հուլիսի 28-ին դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայում Բաքվում կա 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ տեղեկությունների, ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո է «դարձի եկել»։ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ շարունակում է հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ նամակ են ուղարկում՝ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Հիշեցնենք․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հովնան արքեպիսկոպոսը, սակայն, չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի ստեղծած Եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Ասում են՝ նրան Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ համառ ջանքեր են տարել ներկայիս եւ նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։ 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Սոցապնախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Երևան քաղաքում և ՀՀ մարզերում քանի քաղաքացի է զրկվել սոցիալական նպաստից Արսեն Թորոսյանի օրոք։ Ի պատասխան մեր գրության՝ նախարարությունից հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման՝ 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ՝ պիլոտային ծրագրի շրջանակում, որի հիման վրա նշանակվում են նպաստները։




Սակայն նախարարության ներկայացրած թվերը այլ իրականություն են բացահայտում։ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում և ևս 8 մարզերում
• սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվն ավելացել է ընդամենը 17-ով,
• մինչդեռ ընտանեկան նպաստ ստացողների թիվը նվազել է 1003 ընտանիքով։


Փաստացի սա նշանակում է, որ նախարար Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին 1003 ընտանիք դուրս է մղվել նպաստային համակարգից, այն դեպքում, երբ սոցիալական ծանր վիճակի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեն տխուր ցուցանիշներ է հրապարակում. մեր երկրում աղքատության մակարդակը 21.7 տոկոս է, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6։


Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից։


Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից։


ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ՝ 2025 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 28.00-ը»։