Տարանցիկ ուղիների տեղափոխումը դեպի Հայաստան սպառնում է Վրաստանին. Սահակաշվիլի
Լուսանկարը` gazeta.ru
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտահոգություն է հայտնել երկրի տարանցիկ դերի հնարավոր կորստի կապակցությամբ՝ հօգուտ Հայաստանի: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ՝ քաղաքական գործիչը նշել է, որ առևտրային երթուղիների վերաուղղորդումը վտանգում է Վրաստանի աշխարհաքաղաքական ձեռքբերումները և երկիրը տանում դեպի փակուղի։
Interpress News-ի փոխանցմամբ՝ Սահակաշվիլին ընդգծել է, որ տնտեսական հոսքերի հնարավոր տեղաշարժը դեպի հարևան պետության տարածք «քանդում է այն ամենը», ինչին Վրաստանը հասել էր 1990-2000-ական թվականներին՝ որպես տարածաշրջանային առանցքային հաբ։ Նրա գնահատմամբ՝ Վրաստանն այսօր հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ապագա զարգացման և պետականության պահպանման հեռանկարների վրա։
Նախկին նախագահը տնտեսական այս սպառնալիքն ուղղակիորեն կապել է ներքաղաքական գործընթացների և իշխող վերնախավի գործունեության հետ։ Սահակաշվիլիի համոզմամբ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու և զարգացման ուղի վերադառնալու համար անհրաժեշտ է դուրս գալ ներկայիս լճացումից։ Նա շեշտել է, որ առանց արդյունավետ կառավարման և ռազմավարական վերափոխումների, Վրաստանը կարող է կորցնել իր մրցակցային առավելությունները միջազգային ասպարեզում։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին ներկայումս գտնվում է անազատության մեջ։ Նա ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Ուկրաինայից Վրաստան գաղտնի վերադառնալուց անմիջապես հետո։ Քաղաքական գործիչը կրում է վեց տարվա ազատազրկում երկու քրեական գործերով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և բանկային աշխատող Սանդրո Գիրգվլիանիի սպանության (ներման իրավունքի չարաշահման մասով) վերաբերյալ։ Բացի այդ, նրա դեմ քննվում են պետական միջոցների վատնման, 2007 թվականի բողոքի ցույցը ցրելու և սահմանն ապօրինի հատելու գործերը։ Սահակաշվիլին և նրա կողմնակիցները հետապնդումը համարում են քաղաքականապես մոտիվացված։