23.01.2026
Ազդարարվեց երկու կարևոր ծրագիր. Գագիկ Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Ինչ հարցեր են քննարկել ՀՀ և Սինագպուրի նախագահները

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։


Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։


Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում շեշտվել է երկկողմ գործակցության ընդլայնման ներուժը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական համակարգը և այդ ոլորտում առկա միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ «NVIDIA» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը։


Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային և նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնմանն ու խորացմանը։

ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել, ընդդիմությունը բոյկոտեց
Հաջորդ նորություն next