21.01.2026
ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են
prev Նախորդ նորություն

Տնտեսական ինտեգրացիան՝ խաղաղության ուղի. Հայաստանի նախագահի հայտարարությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և տնտեսական զարգացման հեռանկարներին։


«Ապագան կախված է մեզնից, հատկապես մեր երկրների ղեկավարներից, որոնք արդեն ցույց են տվել իրենց պատրաստակամությունը և քաղաքական խիզախությունը՝ իրական քայլեր ձեռնարկելու խաղաղության ամրապնդման համար», — ասել է նախագահը։ Նա ընդգծել է, որ այսօր ապրում ենք իրավիճակում, որը նախկինում անհավատալի էր թվում. ընդամենը երկու տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Հայաստանը կարողանա Ադրբեջանից ապրանքներ ստանալ անմիջապես Վրաստանի տարածքով, իսկ ապագայում հնարավոր կլինի դա իրականացնել ուղղակի երկրի տարածքով՝ Բաքու կամ Ադրբեջան՝ Հայաստան, կամ Նախիջևան՝ Հայաստան ուղիներով։


«Մենք՝ երկու կողմերն էլ նայում ենք առաջ. եթե միայն փորձենք վերլուծել անցյալի պատճառները, դա մեզ կարող է զրկել ներկա հնարավորություններից։ Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացված է ծրագրերի իրականացման վրա», — ընդգծել է նախագահը։


Խաչատուրյանի խոսքով, հաջողության գլխավոր նախապայմանն հստակ պայմանավորվածություններն ու սկզբունքների պահպանումն է, ինչը ներառում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգում, ինչպես նաև սահմանների բացումը՝ երկու երկրների քաղաքացիների համար առևտրի, տեղաշարժի և փոխգործակցության ապահովմամբ։


Նա նշել է, որ այս համագործակցության արդյունքում Հարավային Կովկասը կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակություն ունեցող զարգացման կարևոր հանգույց։ «Եվրոպայի հետ կապը ապահովելու լավագույն ճանապարհը հենց Հարավային Կովկասն է», — ընդգծել է նախագահը։


Նա անդրադարձել է նաև տնտեսական շահերին, որոնք, նրա խոսքով, ամրապնդում են ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Երկրի ղեկավարները համաձայնության են եկել ընդհանուր սկզբունքների շուրջ, ինչը թույլ կտա հաջողության հասնել։ Նշեմ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ով օգոստոսի 8-ին մեր երկրների ղեկավարների հետ ստորագրեց պատմական փաստաթուղթը», — ընդգծել է Վահագն Խաչատուրյանը։


 

ՀՀ լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 60-80 սմ-ով ավելի է
Հաջորդ նորություն next