Առաջարկվում է կարգավորել գնման գործընթացների կասեցման հետեւանքով առաջացող խնդիրները
Հունվարի 20-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քննարկելով Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացների կասեցման հետեւանքով առաջացող հնարավոր խնդիրները կարգավորելու, այնպես էլ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո գնման գործընթացների կասեցումը բացառելու հանգամանքով: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ եթե գնման գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին, ապա գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների ու որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը: Ընդ որում, տեղեկությունը հրավերում կարող է ներառվել Կառավարության նախնական համաձայնության դեպքում:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզակացությունն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նա նշել է, որ առաջարկվող կարգավորումները վերաբերում են այն դեպքերին, երբ Կառավարությունը նախապես հայտարարում է, որ տվյալ գնումը հանրային կամ անվտանգության, պաշտպանության ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունի պետության համար: Տնտեսավարողները, որոնք նպատակ ունեն մասնակցելու նման մրցույթներին, ի սկզբանե կտեղեկանան, որ աշխատելու է առաջարկվող կարգավորումը: