18.01.2026
Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ
prev Նախորդ նորություն

Նոր կարգավորում՝ զինծառայության մասին օրենքում

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող օրենքի ընդունումից անցել է շուրջ երկու տարի: Այժմ արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է:


ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է լուծել վերոնշյալ խնդիրը: Հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:


Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկներում մեկ անձի պահման միջինացված պահման ծախսը կազմում է 437.900 դրամ: Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետական բյուջեից ամեն մեկի պահման համար պետք է ծախսվի 15 մլն 764.400 դրամ: Այսինքն? եթե 1200 քաղաքացին էլ ինքնակամ վերադառնա եւ դատապարտվի, ապա պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 մլրդ դրամ: Պատգամավորի դիտարկմամբ այս օրենքի նախագծի ընդունմամբ կշահեն ե՛ւ պետությունը, ե՛ւ մեր հայրենակիցները:


Նախագծով 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝


1. ծառայել 24 ամիս ժամկետով,


2. ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,


3. ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,


4. ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,


5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:


Հարցուպատասխանի ձեւաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ թեպետ գործող օրենքով ժամկետային ծառայությունը 18 ամիս է, բայց քանի որ այս օրենքը վերաբերում է 1999 եւ 2000 թվականներին ծնվածներին, որոնք պետք է ծառայեին 24 ամիս, ուստի պետք է նույն ժամկետով ծառայեն: Այսկերպ կպահպանվի նաեւ արդարության սկզբունքն այդ տարիներին ծառայածների նկատմամբ:


Պատգամավորը խոսել է նաեւ չհաշվառված անձանց մասով կարգավորումների մասին: Չհաշվառված անձինք 27 տարեկանից հետո այս պահի դրությամբ ներկայանում են եւ զինծառայության մեկնելու պատրաստակամություն հայտնում: Հաշվառման դեպքում, սակայն, պարզվում է, որ վերջիններիս 27 տարին լրացել է: Քանի որ գործող օրենքով մեր երկրում պարտադիր զինծառայության ենթակա են 18-ից 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, նրանք չեն մեկնում ծառայության, ստանում են զինվորական գրքույկ եւ անձնագիր: Այս օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, որոնք հաշվառված չեն եւ կներկայանան ու կհաշվառվեն 27 տարեկանը լրանալուց հետո, պետք է վճարեն 15 մլն դրամ:


Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:


Կառավարությունն առարկություններ չունի, ներկայացված կարգավորումներն ընդունելի են: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:


Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


 


 

Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության և «Թրամփի ուղու» մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը