ԱԲ-ն և արևային էներգիան՝ էներգետիկ ինքնիշխանության երաշխիք. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանը փոխում է տնտեսական ռազմավարությունը՝ շեշտը դնելով կրիտիկական ենթակառուցվածքների պետական կառավարման և տեխնոլոգիական թռիչքի վրա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արհեստական բանականության զարգացումն ու արևային էներգետիկան պետք է դառնան երկրի անկախության հենասյուները։
Հունվարի 8-ի նիստում վարչապետը ներկայացրել է պետական կառավարման նոր մոտեցումները, ըստ որոնց՝ պետությունը ստանձնում է ակտիվ դերակատարում կենսական նշանակություն ունեցող ոլորտներում՝ էներգետիկայից մինչև տրանսպորտ և անվտանգություն։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ դա չի բացառում մասնավորեցման հնարավորությունը այն դեպքերում, երբ մասնավոր կառավարումը կարող է ապահովել ավելի բարձր արդյունավետություն և մրցակցություն։
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ անդրադարձել է արհեստական բանականությանը (ԱԲ)՝ կոչ անելով այն դիտարկել ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես նոր իրողություն, որը փոխում է կյանքի բոլոր ասպեկտները։ Ըստ վարչապետի՝ Հայաստանը չպետք է սպասի համաշխարհային ալիքին, այլ ինքը պետք է նախաձեռնող լինի և տեխնոլոգիաները ինտեգրի պետական կառավարման համակարգում։
Տեխնոլոգիական առաջընթացը, սակայն, պահանջում է էներգետիկ հզորություններ։ Փաշինյանն ընդգծել է, որ ԱԲ կենտրոնները ահռելի քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում, ինչը երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում է պահանջարկը։ Լուծումը վերականգնվող էներգետիկան է. Հայաստանի արևային ներուժի ճիշտ օգտագործումը, ըստ վարչապետի, պատմական շանս է՝ հասնելու էներգետիկ անկախության։
Նա հստակեցրել է, որ անգամ մասնագիտական գիտելիքի պակասը չպետք է կանգնեցնի ոլորտի զարգացումը, քանի որ դա ազգային անվտանգության հարց է։