9.01.2026
Լուսանկարը` armlur.am
prev Նախորդ նորություն

«Վախից անջատեցի հեռուստացույցը». Փաշինյանն ու Ավանեսյանը՝ ապահովագրության մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է առողջապահական համակարգի «փլուզման» մասին լուրերին։ Ի պատասխան վարչապետի մտահոգությունների՝ նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրական պատկերը՝ ապահովագրական համակարգի ներդրման ընթացքը գնահատելով «6-ից 6,5» բալ։


Հունվարի 8-ի նիստը մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության շուրջ ստեղծված աղմուկի քննարկմամբ։ Վարչապետը կեսկատակ-կեսլուրջ պատմել է մի ռեպորտաժի մասին, որտեղ իրավիճակը ներկայացվել է որպես կատաստրոֆա, որի համեմատ «COVID-ի համավարակը ղալաթ է արել»։ Փաշինյանը նշել է, որ ռեպորտաժն այնքան ահասարսուռ էր, որ ինքը «վախից անջատել է հեռուստացույցը», և պահանջել է պարզաբանումներ։


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքել է համակարգային ճգնաժամի մասին լուրերը՝ բերելով սրտի վիրահատությունների հաջողված օրինակներ, որոնք արդեն հասանելի են քաղաքացիներին։ Այդուհանդերձ, նախարարն անկեղծորեն խոստովանել է, որ 10 բալանոց սանդղակով համակարգի գործարկումը գնահատում է միջին՝ 6-6,5 միավոր։ Նա նշել է, որ թեև ավելի մեծ բարդություններ էր կանխատեսում, հիմնական խնդիրներն այժմ կապված են տեղեկատվության պակասի և տեխնիկական հարմարվողականության հետ։


Հիմնական դժվարություններից մեկը տարեցների կողմից բջջային հավելվածների օգտագործումն է, ինչը հեշտացնելու համար ներդրվելու են ձայնային հուշումներ։ Նախարարը հավելել է, որ էլեկտրոնային համակարգին ընտելանալու համար բժիշկներին ժամանակ է պետք, սակայն գործընթացը կանգ չի առել. արդեն իսկ գրանցվել է ապահովագրությամբ սպասարկված ավելի քան 16 000 այց։


Տեղեկանք 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Ռեֆորմը ենթադրում է պետական պատվերի համակարգից անցում ապահովագրական մոդելի, որտեղ պետությունը երաշխավորում է բուժծառայությունների փաթեթը։ Համակարգն ամբողջությամբ թվայնացված է. քաղաքացիների նույնականացումից մինչև ծառայությունների ֆինանսավորում իրականացվում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության հարթակի միջոցով։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան