Կառավարությունը մաքսատուրքերից ազատում է գերակա ոլորտներում ներդրում կատարողներին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր Facebook-յան էջում տեղադրված տեսանյութում ներկայացրել է կառավարության աջակցության ծրագրերից մեկը՝ մաքսային արտոնությունների մասին:
«Ի՞նչ է այս ծրագիրը: Այն նախատեսված է այն գործարարների և ներդրողների համար, ովքեր ներդրումներ են կատարում կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում և երրորդ երկրներից (ոչ ԵԱՏՄ անդամ) ներմուծում հումք կամ սարքավորումներ: Այս դեպքում կառավարությունը նրանց ամբողջությամբ ազատում է մաքսատուրք վճարելու պարտավորությունից:
Անցած տարի այս ծրագրով աջակցություն է ստացել 67 նախագիծ, ինչի շնորհիվ ստեղծվել է 3405 նոր աշխատատեղ: Ուզում եմ ընդգծել՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է այս արտոնությունը տրամադրել բացարձակապես ցանկացած գործարարի կամ ներդրողի, ով ներդրումներ կկատարի նախապես հայտարարված գերակա ոլորտներում՝ առանց որևէ բացառության:
Անցած տարվա արդյունքները կարճ ասեմ՝ տրամադրվել է 100 մլն 500 հազար դոլարի չափով աջակցություն: Այդ գումարից 1 մլն 200 հազարը պետք է մուտքագրվեր ՀՀ բյուջե, իսկ 99 մլն 300 հազարը՝ ԵԱՏՄ մյուս երկրների բյուջեներ:
Սակայն մենք ընտրել ենք այն տարբերակը, որ ամբողջ 100 մլն 500 հազարը մնա Հայաստանում՝ աշխատատեղեր ստեղծելու, հարկեր վճարելու, տնտեսությունը զարգացնելու և, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը առաջ մղելու համար:
Մենք աջակցում ենք բոլոր նման նախաձեռնություններին: Եթե ունեք նման նախագծեր՝ դիմեք»,- ընդգծել է նախարարը: