«Փաշինյանը հատեց կարմիր գիծը». Մարուքյանը կոչ է անում միավորվել հանուն Եկեղեցու
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված նոր նախաձեռնությունը որակել է որպես սահմանադրական կարգի խախտում և «քաղաքական նվեր» ընդդիմությանը՝ կոչ անելով բոլոր ուժերին միավորվել մեկ ճակատում։
Անդրադառնալով վարչապետի գիշերային ուղիղ եթերին՝ Մարուքյանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնապես՝ որպես երկրի ղեկավար, միջամտել է կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ եթե նախկինում իշխանությունը կարող էր պնդել, թե Փաշինյանը գործում է որպես շարքային հավատացյալ, ապա կառավարական առանձնատանը հոգևորականների հետ հանդիպումն ու փաստաթղթի ստորագրումը վարչապետի կարգավիճակով զրկում են նրան այդ փաստարկից և դնում քրեական պատասխանատվության դաշտ։
Մարուքյանի գնահատմամբ՝ իշխանության նպատակն է հեռացնել Կաթողիկոսին և կազմակերպել նոր ընտրություններ, սակայն այս գործընթացում պետական լծակների կիրառումը ցույց է տալիս, որ իշխանությունը պարտվել է «ներվերի պայքարում»։ Քաղաքական գործիչը համոզված է, որ ստեղծված իրավիճակը բացառիկ հնարավորություն է ընդդիմադիր դաշտի համար։ Նա կոչ է արել բոլոր ուժերին մի կողմ դնել տարաձայնությունները, ձևավորել մեկ միասնական բևեռ և օգտագործել Փաշինյանի այս սխալը՝ պետությունն ու ազգային ինքնությունը պաշտպանելու համար։