Ավինյան. «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի հաջորդ տարի
Լուսանկարը` Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքել է մետրոպոլիտենի նոր կայարանի ծրագրի չեղարկման մասին լուրերը՝ հավաստիացնելով, որ նախագծային փուլն ավարտված է, և քաղաքը պատրաստվում է բուն շինարարության մեկնարկին։
Տարեվերջյան ասուլիսի ընթացքում քաղաքապետը հայտնել է, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման մրցույթը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի եկող տարի։ Անդրադառնալով ձգձգումներին՝ Ավինյանը պարզաբանել է, որ պատճառը ոչ թե ծրագրից հրաժարվելն է, այլ դրա բարդությունն ու տեղական օրենսդրության փորձի պակասը։
Շինարարության որակն ու ժամկետները երաշխավորելու համար կառավարությունը մտադիր է կիրառել կառավարման միջազգային «ՖԻԴԻԿ» (FIDIC) մոդելը՝ ներգրավելով որակյալ ինժեներական հսկողություն։ Քաղաքապետի համոզմամբ՝ ավելի ճիշտ է ժամանակ ծախսել գրագետ պլանավորման վրա, քան հետագայում խնդիրներ ունենալ շինհրապարակում։
Ինչ վերաբերում է ֆինանսական հատկացումներին, ապա այս տարի մետրոյի բյուջեն վերանայվել է. նախատեսված 25 միլիոն դոլարից (9,6 մլրդ դրամ) փաստացի աշխատանքների համար թողնվել է մոտ 4,1 միլիոն դոլար (1,6 մլրդ դրամ)։
Ազատված միջոցները, սակայն, չեն կորել. դրանք ուղղվել են տրանսպորտային ցանցի թարմացմանը՝ 45 նոր տրոլեյբուսների գնմանը, որոնք Երևան կհասնեն 2026 թվականի սկզբին։