Հայ եկեղեցին վստահության առաջատարն է՝ գերազանցելով կառավարությանը. Gallup
Լուսանկարը` hayeli.am
Հանրային կարծիքի ուսումնասիրության նոր տվյալները վկայում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ հասարակության ամենավստահելի կառույցը, մինչդեռ քաղաքական ինստիտուտների և կառավարության վարկանիշը զգալիորեն զիջում է հոգևոր կառույցին։
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է սոցիալական համերաշխության վերաբերյալ հարցման ուշագրավ արդյունքները։
Պարզվել է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հենց Եկեղեցին է դիտարկում որպես համերաշխության գլխավոր աղբյուր. հարցվածների 55,8%-ը հայտնել է լիակատար, իսկ 15,8%-ը՝ մասնակի վստահություն։ Սա ցույց է տալիս, որ հանրությունը հոգևոր անվտանգության և կայունության երաշխիքները փնտրում է հենց Մայր Աթոռի գործունեության մեջ։
Ի հակադրություն սրան՝ պետական կառավարման համակարգի նկատմամբ վստահությունը բազմակի անգամ ցածր է։ Կառավարությանը լիովին վստահում է հարցվածների միայն 17,8%-ը, իսկ կրթական համակարգին՝ 27,4%-ը։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են քաղաքական դաշտի և լրատվամիջոցների պարագայում, որոնց լիարժեք վստահում է հասարակության չնչին տոկոսը։
Հատկանշական է նաև քաղաքացիների դիրքորոշումը այն հարցում, թե ով պետք է առաջնորդի հանրային համերաշխության վերականգնման գործընթացը։ Այս հարցում ևս Եկեղեցին առաջատարն է՝ ստանալով քաղաքացիների 28,4%-ի քվեն, որին հաջորդում է քաղաքացիական հասարակությունը։
Կառավարությունը հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ զիջելով նաև հասարակական սեկտորին։ Այնուամենայնիվ, հարցվածների մոտ մեկ երրորդը գտնում է, որ երկրում իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է բոլոր կառույցների համատեղ և միասնական աշխատանքը։