29.12.2025
Լուսանկարը` Հայաստանի ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Եկեղեցու դեմ պայքարը հարված է հայկական ինքնությանը. Լեմկինի ինստիտուտ

Լուսանկարը` alphanews.am
Լուսանկարը` alphanews.am

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող համակարգված ճնշումները որակելով որպես վտանգավոր մարտահրավեր ժողովրդավարությանն ու ազգային ինքնության հիմնասյուններին։


Միջազգային հեղինակավոր կառույցն իր մտահոգությունն է հայտնել հոգևորականների ձերբակալությունների, եկեղեցական կառույցների թիրախավորման և իրավական համակարգը որպես ճնշման գործիք օգտագործելու փաստերի առնչությամբ։ Ինստիտուտի գնահատմամբ՝ պետության և եկեղեցու միջև լարվածությունը նոր թափ է ստացել 2023 թվականի կրթական բարեփոխումներից հետո, երբ դպրոցական ծրագրից հանվեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։


Հատկանշական է, որ ըստ ինստիտուտի վերլուծության՝ ներկայիս հարձակումները համընկել են Շվեյցարիայում կայացած միջազգային համաժողովի հետ, որը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը և առաջացրել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդի դժգոհությունը։


Հայտարարության մեջ պատմական զուգահեռներ են անցկացվում Օսմանյան կայսրության գործելաոճի հետ։ Նշվում է, որ թեև ներկա իրավիճակը նույնական չէ 1915 թվականի ցեղասպանության հետ, սակայն տրամաբանական նմանությունները՝ ազգային ինքնության ինստիտուտների վարկաբեկումն ու քայքայումը, մտահոգիչ են։


Լեմկինի ինստիտուտը շեշտում է, որ դարեր շարունակ Եկեղեցին եղել է հայ ժողովրդի գոյատևման և հիշողության պահապանը, ուստի նրա դեմ արշավը սպառնում է ազգի մշակութային անվտանգությանը։ Կոչ անելով ՀՀ կառավարությանը դադարեցնել քաղաքական հետապնդումները՝ ինստիտուտը եզրափակել է, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ կրկնել սեփական ոչնչացման պատմական մեխանիզմները։

Լուսանկարը` hayeli.am
Հաջորդ նորություն next