ՆԳՆ-ն անցնում է ուժեղացված ռեժիմի. նախարարի խիստ հանձնարարականները
Լուսանկարը` Հայաստանի ՆԳՆ
Ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանի ուժային կառույցները մոբիլիզացնում են ռեսուրսները հանրային անվտանգությունն ապահովելու համար. ներքին գործերի նախարարը անձամբ է ստուգել ստորաբաժանումների պատրաստվածությունն ու հրահանգել անցնել ծառայության հատուկ ռեժիմի։
Դեկտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկա է գտնվել Ոստիկանության և Փրկարար ծառայության համատեղ ստուգատեսին, որի ընթացքում ծանոթացել է տոնական օրերի օպերատիվ իրավիճակին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարը հանձնարարել է առավելագույնս խստացնել հսկողությունը մարդաշատ վայրերում, հատկապես առևտրի կենտրոնների հարակից տարածքներում և հրապարակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ու տոնական անդորրը պահպանելու նպատակով։
Արփինե Սարգսյանը շեշտադրել է ճանապարհային անվտանգության կարևորությունը՝ պահանջելով ոստիկաններից դրսևորել խիստ վարչարարություն և անհանդուրժողականություն օրինախախտների նկատմամբ։ Հատուկ թիրախում են լինելու ոչ սթափ վիճակում մեքենա վարողները և առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդները։ Միևնույն ժամանակ, նախարարը կարևորել է հանրապետության ճանապարհներին 24/7 ռեժիմով իրականացվող ծառայությունը, որպեսզի եղանակային բարդ պայմաններում քաղաքացիները ստանան օպերատիվ օգնություն։ Ստուգատեսից անմիջապես հետո ՆԳՆ ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության։