29.12.2025
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկներին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը բախումներ է հրահրում, իսկ 3 մլն դրամ պարգևավճարը թալան է. Մարուքյան

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խստորեն քննադատել է իշխանություններին՝ մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եկեղեցիներում զանգվածային անկարգություններ հրահրելու, իսկ Ազգային ժողովի պատգամավորներին՝ պետական բյուջեն մսխելու մեջ։


Քաղաքական գործիչն իր տեսաուղերձում անդրադարձել է վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ «լեգիտիմ և թույլատրելի» է, երբ քաղաքացիները պատարագի ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հնչելիս։ Մարուքյանի գնահատմամբ՝ սա ուղիղ հրահանգ է ուժային կառույցներին՝ աչք փակել եկեղեցական ծեսերը խանգարելու դեպքերի վրա։ Նա ընդգծել է, որ կրոնական ծեսի խոչընդոտումը քրեորեն պատժելի արարք է, և վարչապետի նման կոչերը փաստացի դրդում են քաղաքացիական բախումների հենց եկեղեցիների ներսում, քանի որ հավատացյալների մի մասը փորձելու է պաշտպանել պատարագի ընթացքը։


Մարուքյանը նաև սուր քննադատության է ենթարկել պատգամավորներին 3 միլիոն դրամ (մոտ 7 812 ԱՄՆ դոլար) պարգևավճար տրամադրելու փաստը։ Նա որակել է դա որպես «լոյալության վճար» և պետական միջոցների բացահայտ թալան՝ նշելով, որ իշխանությունը հարկատուների հաշվին ապահովում է իր թիմակիցների բարեկեցությունը։ Ըստ քաղաքական գործչի՝ նախկինում կոռուպցիան այլ դրսևորումներ ուներ, իսկ այժմ թալանն իրականացվում է պաշտոնական աշխատավարձերի և պարգևավճարների տեսքով։


«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հատուկ շեշտադրել է խորհրդարանական ընդդիմության պահվածքը՝ մեղադրելով նրանց լռության և գործարքի գնալու մեջ։ Մարուքյանը հիշեցրել է, որ նույն պատգամավորները ժամանակին բողոքում էին անհամեմատ փոքր գումարների համար, իսկ այժմ, ստանալով խոշոր պարգևավճարներ, դարձել են իշխանության հանցակիցը՝ չկատարելով իրենց հիմնական՝ իշխանությանը զսպելու և հակակշռելու գործառույթը։

Լուսանկարը` Հայաստանի ՆԳՆ
Հաջորդ նորություն next