23.12.2025
Պահանջում եմ ապահովել Միքայել Սրբազանի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն

Դեկտեմբերի 23–ին ավագանու նիստեր են տեղի ունենալու Երևանում և Վաղարշապատում։ Երկու համայնքում էլ «Մայր Հայաստանը» ներկայացված է և երկու տեղում էլ մեր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու ենք։


Երկու տեղում էլ բյուջեն մսխելու, իրենք իրենց «լավ նայելու» և քաղաքացուն «թալանի մատերիալ» դարձնելու նախագծեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիրը» (Երևանում դրան կցված է նաև «Հանրապետությունը»)։


Վաղարշապատում ՔՊ–ական համայնքապետը որոշել է, որ պետք է իր ու իր հայեցողությամբ պաշտոնների նշանակվածների աշխատավարձերը հաջորդ տարվանից 20 տոկոսի չափ բարձրացնել։ Հետևում են մնացել վաղարշապատցիների համար խնդիրներ լուծելու առաջնահերթության մասին քարոզչական խոստումները։ Եկել է ՔՊ–ի իրական ծրագրերը կյանքի կոչելու ժամանակը։


Երևանում փոքրամասնության իշխանությունը, հակառակ դատական որոշումների, կրկին ուզում է թանկ պահել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները, որպեսզի հավաքած գումարները մսխի պարգևավճարների կամ մեկ անձից կասկածելի գնումների միջոցով։


«Մայր Հայաստանը» 2 տարի է դատական վեճի մեջ է այս թեմայով։ Միայն ՔՊ–ական աճպարարությունն է հնարավորություն տալիս նրանց խուսափել դատական վճիռները կատարելուց, բայց միևնույն է մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ։


Եթե Վաղարշապատում ՔՊ–ական ախորժակի դեմն առնելու հնարավորություն այս պահին չկա, քանի որ ոչ իշխանական մանդատների քանակը չի հերիքում, ապա Երևանում կարելի է տապալել իշխանության թալանչիական նախագծերի ընդունումը, եթե հերթական անգամ չբախվենք կեղտոտ խաղերի հետ։


Բանն այն է, որ Երևանում ավագանու ոչ իշխանական հատվածն ունի 33 մանդատ, իսկ ՔՊ–ն ու կցվածները՝ 32։ Եթե վաղը դահլիճում ոչ իշխանական հատվածը ներկա գտնվի 33 հոգով ու բոլորը հստակ դեմ քվեարկեն, ապա տեղական տուրքերի ու վճարների, այդ թվում՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների ավելացման նախագիծը չի անցնի։


Կա նաև թանկացումները թույլ չտալու մեկ այլ տարբերակ։ Եթե օբյեկտիվ գործոններով պայմանավորված ավագանու ոչ իշխանական հատվածում 33 հոգի չկարողանան ներկա գտնվել (առողջական խնդիրների կամ ՀՀ–ից բացակայելու պատճառով), ապա շատ հանգիստ կարելի է պարզապես քվորում չապահովել, այսինքն՝ բոյկոտել քվեարկությունը։ ՔՊ–ն ու կցվածներն այդ դեպքում չեն կարողանա քվորում ապահովել և թանկացման նախագիծը չի անցնի։


Եթե Երևանի ավագանու ոչ իշխանական հատվածի նպատակը երևանցու շահը պաշտպանելն է, ապա պետք է ընտրել այն տարբերակը, որը թույլ չի տա թանկացում։ Տվյալ դեպքում ամենաերաշխավորված տարբերակը քվեարկությանը չմասնակցելն է։ Մնացածը տեղում պարզ կդառնա։


«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյան