Երևանում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի՝ նորակառույցների պահանջարկը բավարարելու համար
Լուսանկարը` Sputnik
Մայրաքաղաքի շինարարական ակտիվությամբ պայմանավորված՝ 2026 թվականին Երևանում կմեկնարկի ենթակառուցվածքային կարևոր նախագիծ։ Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ կկառուցվի ներքին գազաբաշխիչ կայան, որը կոչված է լուծելու բազմաբնակարան շենքերի գազամատակարարման դեֆիցիտը։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ գազամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի շրջանակում 2026 թվականին կկառուցվի նոր կայան։ Այն կլինի առաջինը, որը կտեղակայվի անմիջապես քաղաքի ներսում՝ լրացնելով գործող արտաքաղաքային և Նուբարաշենի հանգույցների աշխատանքը։ Նախաձեռնության նպատակն է ապահովել համակարգի անվտանգությունն ու վերացնել էներգակիրների պակասուրդը։
Խնդիրը հատկապես սուր էր դրված 2023 թվականի վերջին, երբ, ըստ Արեյանի, նորակառույց շենքերը կանգնել էին գազի անբավարար մատակարարման փաստի առջև՝ լուրջ խնդիրներ ստեղծելով նաև «Գազպրոմ» ընկերության համար։ Այս նոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա սպասարկել աճող պահանջարկը։
Միաժամանակ շարունակվում են ցանցի ընդլայնման աշխատանքները։ Երևանի արևելյան և հարավային հատվածներում արդեն ավարտվել է 2025 թվականի համար նախատեսված շուրջ 25 կիլոմետր երկարությամբ նոր գազատարի անցկացումը։ Հաջորդ տարի ծրագիրը կշարունակվի ևս 7,5 կիլոմետրով՝ ընդգրկելով Նոր Խարբերդ թաղամասը, Նուբարաշենի խճուղին և հարակից փողոցները։