Երևանի օդը մաքրելու համար «կանաչ վահան» կստեղծվի քաղաքից դուրս
Լուսանկարը` Sputnik
Մայրաքաղաքի օդի աղտոտվածության դեմ պայքարելու նպատակով քննարկվում է Երևանի վարչական սահմաններից դուրս անտառաշերտեր հիմնելու ծրագիրը։ Այս ռազմավարությունը միտված է հարավ-արևմուտքից եկող քամիների զտմանը մինչև քաղաք հասնելը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը դեկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավման նոր մոտեցումները։ Մասնագետը պարզաբանել է, որ Երևանում քամիները հիմնականում փչում են հարավ-արևմտյան ուղղությամբ, ուստի հենց այդ հատվածներում է անհրաժեշտ ստեղծել պաշտպանիչ անտառային գոտիներ։
Քանի որ այդ տարածքները կարող են դուրս լինել մայրաքաղաքի վարչական սահմաններից, նախատեսվում է համագործակցություն սկսել նախարարությունների և մարզպետների հետ՝ երևանամերձ գոտիները ևս կանաչապատման ծրագրերում ներառելու համար։
Բեգոյանի խոսքով՝ այս լուծումները հատկապես կարևոր են ձմեռային ամիսների համար, երբ տրանսպորտային արտանետումների և այլ գործոնների պատճառով օդի որակը վատթարանում է։ Նա նշել է, որ տարվա տաք եղանակներին, երբ բույսերը գտնվում են ակտիվ վեգետացիոն շրջանում, Երևանի օդի որակը հիմնականում գնահատվում է լավ կամ գերազանց, սակայն ձմռանը քաղաքին անհրաժեշտ է լրացուցիչ պաշտպանություն, որը կապահովեն արտաքին անտառաշերտերը։