Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններն ԱՄՆ-ում քննարկել են «Թրամփի ուղի» նախագիծը
Լուսանկարը` usacc.org
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հանդիպումը՝ նվիրված տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված ամերիկյան նոր՝ «Թրամփի ուղի» (TRIPP) տնտեսական նախաձեռնությանը։
ԱՄՆ մայրաքաղաքում տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի և Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի մասնակցությամբ։ Ըստ ԱՄՆ-ադրբեջանական առևտրային պալատի (USACC) տարածած հաղորդագրության՝ հանդիպման առանցքում է եղել «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնությունը, որը միտված է «Միջին միջանցքում» ԱՄՆ-ի ներկայության ընդլայնմանը և տարածաշրջանային տնտեսական կապերի խորացմանը։
Հանդիպմանը ներկա ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ բանագնաց Վինայ Չավլան օգոստոսին ձեռք բերված երկկողմ համաձայնությունը որակել է որպես պատմական բեկում՝ նշելով, որ նոր տնտեսական ծրագիրը կծառայի որպես խաղաղության ամուր հենասյուն։
Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ձևավորված կառուցողական մթնոլորտը՝ ընդգծելով, որ կողմերն արդեն անցում են կատարում զարգացման կոնկրետ ծրագրերի քննարկմանը։ Օրակարգի կարևոր կետերից է եղել ամերիկյան ֆինանսական կառույցների, մասնավորապես՝ DFC-ի դերակատարումը նախագծերի ֆինանսավորման և ռիսկերի նվազեցման գործում։
Տարածաշրջանային նոր հնարավորությունների նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել նաև խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը։ Հատկանշական է, որ հայկական կողմից՝ ԱԳՆ-ից կամ դեսպանությունից, այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։