20.12.2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալի հետ
prev Նախորդ նորություն

Ստորագրվել է 2026–2030թթ.ՀՀ–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026 – 2030 թվականների Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը:


Ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:


Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը և համագործակցության շրջանակը:


Հայաստան-ՄԱԿ համագործակցության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը:


Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները և ուրախ է այդ ճանապարհն անցնել Հայաստանի զարգացման գործընկերների հետ միասին:


«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է Կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,- նշել է փոխվարչապետը:


«Ստորագրում ենք այս Համագործակցության շրջանակը Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։ Այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին՝ հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականությունը և սոցիալական համախմբվածությունը»,-նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք
Հաջորդ նորություն next