19.12.2025
Լուսանկարը` Իրանում ՀՀ դեսպանություն
prev Նախորդ նորություն

Պարզ է, թե ինչ նկատի ունի Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարում է, թե Եվրոպան պետք է գտնի Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնման տարբերակ: Ըստ նրա, հակառակ պարագայում օպտիմալ չէ, երբ իրենք բանակցում են այլ կողմի հետ, եւ այդ կողմն էլ իր հերթին արդեն բանակցում է Ռուսաստանի հետ:

Պարզ է, թե ինչ նկատի ունի Մակրոնը: Նա ակնարկում է, որ ռուսների հետ բանակցում են ամերիկացիները, իսկ իրենք հետո բանակցում են ամերիկացիների հետ: Մակրոնը ասում է, թե պետք է ռուսների հետ բանակցել ուղիղ: Իհարկե լավ է ասում: Բայց դա ասելով չէ, դրա համար պետք է ունենալ կամք եւ քաղաքական սուբյեկտայնություն, այլ ոչ թե լինել քաղաքական ժանգլյոր, կամ ավելի շուտ՝ ժանգլյորության առարկա, ընկնելով այս ու այն կողմ: Իսկ Ֆրանսիայի նախագահը, ցավոք սրտի, վերջին տարիներին իրեն պահել է հենց այդպես՝ այս ու այն կողմ ընկնելով, միաժամանակ հաջողացնելով բոլոր կողմերում արժանանալ անլուրջ վերաբերմունքի:


Ինչու եմ ասում ցավոք սրտի: Որովհետեւ Ֆրանսիան Հայաստանի համար մի շարք առումներով շատ կարեւոր, գործընկերային մեծ ներուժ ունեցող բարեկամ երկիր է: Եվ, երբ այդ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է միջազգային ասպարեզում անլուրջ ընկալվող մեկը, բնականաբար դա անուղղակի, սակայն վատ է նաեւ Հայաստանի համար: Ընդ որում, մենք գործնականում դա տեսել ենք Մակրոնի նախագահությունից ի վեր: Իհարկե այդ ընթացքում կարդացել ու լսել ենք նրա շատ ականջահաճո խոսքեր ու գրառումներ, այդ թվում հայերեն, եւ իհարկե Հայաստանում Ֆրանսիայի նորահայտ ապոլոգետները փորձել են այդ ամենին տալ քարոզչական բազմապատիկ հնչեղություն, շոյելով հայ հանրության ականջները:


Բայց, իրական, գետնի վրա քաղաքականության առումով եղածը մեղմ ասած որեւէ համադրելի եզր չունի այդ ականջահաճո դեկլարացիաների հետ, որոնք հայ-ֆրանսիական՝ տասնամյակների գործնականությամբ կառուցվող հարաբերությունը կարճ ժամանակում վերածեցին դեկլարացիաներից կազմված մի փուչիկի, այդ թվում նաեւ քայքայելով ու հարվածի տակ դնելով հայ-ֆրանսիական այդ հարաբերության գործնականության հետագծի հարցում կարեւոր դեր ունեցած Ֆրանսիայի հայկական կառույցները:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Հայ-թուրքական սիլիբիլիներ
Հաջորդ նորություն next