Ցավի ճիշտ գնահատումը և արդյունավետ կառավարումը անհրաժեշտ պայմաններ են մարդու առողջությունն ու կյանքի որակը պահպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
«Մեր իրականության մեջ թերագնահատված է ցավի ազդեցությունը, և որպես հետևանք, այն ընկալվում է «անխուսափելի ախտանիշ», որն ուղեկցում է հիվանդության բնականոն ընթացքը։
Ըստ տևողության` ցավը կարող է լինել սուր կամ քրոնիկական։ Գոյություն ունեն ցավի գնահատման տարբեր սանդղակներ, որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվ գնահատել ցավի զգացողությունը։
. Ու՞մ դիմել ցավի դեպքում
Եթե ունեք ցավ, պետք է դիմել բժշկին` ըստ Վիզուալ անալոգային սանդղակի (ՎԱՍ) և եռաստիճան սանդուղքի գնահատում կատարելու և անհրաժեշտ ցավամոքման բուժումն ապահովելու համար:
. Ե՞րբ կարող է նշանակվել թմրամիջոց պարունակող դեղ
. Բժիշկը կարող է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր, եթե ձեր ցավը գնահատվում է միջին կամ ուժեղ աստիճանի, երբ սովորական ցավազրկողները չեն օգնում։
. Ո՞վ կարող է նշանակել դեղերը
. ՀՀ օրենսդրությամբ բոլոր բժիշկները կարող են նշանակել թմրամիջոց պարունակող դեղեր, եթե դրա համար կա բժշկական ցուցում։
. Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղերի նշանակումը կատարվում է ամբուլատոր բժշկական քարտում, բուժող բժշկի գրառմամբ:
. Դեղատոմսը հաստատվում է բժշկի և բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, տնօրենին փոխարինող անձի ստորագրությամբ։
Դեղատոմսի և դեղերի տրամադրման կարգը
.Դեղերը տրվում են հատուկ դեղատոմսով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված։
. Թմրամիջոց պարունակող դեղերը կարող են դուրս գրվել առավելագույնը 10 օրվա համար։
. Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը՝ անձը հաստատող փաստաթղթով։
Հսկողություն և դիտարկում
. Թմրամիջոց ստացող պացիենտները պետք է առնվազն երկու շաբաթը մեկ այցելեն իրենց բուժող բժշկին՝ վերահսկման և դեղի ազդեցությունը գնահատելու համար։
. Եթե պացիենտը չի կարողանում գալ բժշկի մոտ (օրինակ՝ գամված է անկողնում), բժիշկը պետք է այցելի նրան տուն՝ վիճակը գնահատելու համար։
Անվտանգություն և պատասխանատվություն
. Թմրամիջոց պարունակող դեղերը պետք է պահել անվտանգ վայրում, հեռու երեխաներից և այլ անձանցից։
. Դեղերը չի թույլատրվում փոխանցել ուրիշին կամ օգտագործել առանց բժշկի խորհրդի։
. Օգտագործումից հետո դատարկ մնացած սրվակները և հոգեմետ (հոգեներգորխուն) նյութեր պարունակող դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման։
Հիմք՝ ՀՀ ԱՆ 22․03․18թ․ «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույց» № 751-Ա հրաման»։