5.12.2025
Ռազմավարական շահ կամ քաղաքական խաղ
prev Նախորդ նորություն

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»

ԱԱԾ-ը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։


Սրբազանին առաջադրված մեղադրանքը կրում է տարիներով կիրառված, մաշված մի ձեռագրի բոլոր հատկանիշները՝ հիշեցնելով մենթական մտածողությանը բնորոշ «գրպանը պլան գցելու» մեխանիկան։


Ըստ քննչական մարմինի՝ նա դեռ 2018-ին փորձել է վարկաբեկել Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին՝ նրա պայուսակում թմրամիջոց դնելով։


Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ, փլուզվող մեղադրանք, քաղաքական իմաստով՝ հաշվեհարդարի դրսևորում:


Մի քանի դիտարկում.


Նախապես կանխատեսել էի, որ դեկտեմբերի 10–12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ իշխանությունը կսրի ճնշումները Վեհափառի նկատմամբ՝ փորձելով արհեստական հակադրության միջավայրում թուլացնել նրա դիրքերը։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը այդ գործընթացի օրգանական շարունակությունն է՝ ուղղված եկեղեցական վերնախավի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։


Այս ամենի ֆոնին Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում են իրենց ցանցերը Հայաստանում՝ նույն բանաձևով, ինչ Մոլդովայում։


Այս հայտարարությունը ձևավորում է նոր քաղաքական միջավայր, որտեղ
հակառուսական խոսույթը ծառայում է ներքաղաքական ռեպրեսիաների լեգիտիմացման նպատակին։


Մոլդովական նախադեպը ցույց տվեց, թե ինչպես կարող է «վտանգների չեզոքացման» փաթեթը վերածվել իշխանության ավտորիտար վերարտադրության գործիքի՝ ընդդիմադիր ուժերի, մեդիայի, եկեղեցական կառույցների և հանրային հեղինակություն ունեցող անհատների դեմ ուղղված ռեպրեսիաներով։


Այս համատեքստում 12 միլիոն եվրոն դառնում է ոչ թե տեխնիկական աջակցություն, այլ քաղաքական ուղերձ Փաշինյանի կառավարությանը՝ շարունակելու ռեպրեսիաները «օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի» անվան տակ։


Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Արշակ Սրբազանի ձերբակալությունը՝ չեկիստական մեթոդներով իրականացված ակնհայտ սադրանք, որը որևէ կերպ չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։


Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը վտանգավոր կերպով սեղմվում է։


Հայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյան


 


 

Եկեղեցու դեմ արշավին ներգրավում են նաև դեսպաններին
Հաջորդ նորություն next