5.12.2025
 Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան իր լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքերի շոուով
prev Նախորդ նորություն

Ապօրինի գույքի վերադարձի գործընթացն այլևս անշրջելի է և ինստիտուցիոնալ. Փաշինյան

Կոլաժը` Hetq.am
Կոլաժը` Hetq.am

Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները, համաձայն իշխանության, վերջնականապես կայացել են և գործում են ինստիտուցիոնալ մակարդակում։


Դեկտեմբերի 4-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործընթացը դարձել է անշրջելի՝ այլևս չպահանջելով քաղաքական ղեկավարության ամենօրյա միջամտությունը։


Վարչապետը հիշեցրեց հետհեղափոխական շրջանի հանրային պահանջը՝ կապված թալանվածի վերադարձի հետ, պարզաբանելով, որ ապօրինի գույքը մեկ տեղում կենտրոնացած չէր, այլ բազմաշերտ էր և ցրված, ինչը պահանջում էր երկարատև ուսումնասիրություն։ Ըստ Փաշինյանի՝ այսօր արդեն իրավական համակարգը լիարժեք գործարկված է, և պատկան մարմինները աշխատում են ինքնուրույն ռեժիմով՝ ապահովելով շարունակական արդյունքներ։


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր հերթին կարևորեց համակարգի թվայնացման անհրաժեշտությունը՝ գրագրությունը նվազագույնի հասցնելու և գործընթացն ավտոմատացնելու համար։ Նա հատուկ ընդգծեց քաղաքացիների աջակցությունը, ովքեր ակտիվորեն ահազանգում են հատկապես մանկապարտեզների և հանրային տարածքների ապօրինի զավթումների մասին։ Դատախազության ուշադրության կենտրոնում այժմ անտառային գոտիներն են, Սևանի ավազանը, պուրակները և կրթական հաստատությունների տարածքները։


Որպես հաջողված օրինակներ նշվեցին Դիլիջանում երկու մանկապարտեզի և Խաշթառակում մեկ հատվածի վերադարձը, ինչպես նաև Տավուշում խոշոր առողջարանի մասով ընթացող ուսումնասիրությունները։ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց՝ նշելով, որ հերթի մեջ են տասնյակ մանկապարտեզներ և Սևանի ափամերձ հարյուրավոր հողակտորներ, որոնցից յուրաքանչյուրի հետևից պետությունը գնալու է «հատիկ առ հատիկ» սկզբունքով։


Ընթացիկ տարվա 11 ամիսների արդյունքներով ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք գույք։

Անցում 18-ամսյա ծառայության. նախարարը ներկայացրեց մանրամասները
Հաջորդ նորություն next