3.12.2025
ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչները ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Պակիստանի դեսպանություն բացելու ուղղությամբ: Ըստ մեր դիվանագիտական աղբյուրի՝ դեսպանության բացումը նախատեսվում է հաջորդ տարի:


Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որտեղից չեն հերքել լուրը:


«Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով: Այս համատեքստում հետագա զարգացումների մասին հանրությունը կիրազեկվի պատշաճ կերպով»,-ասված է ԱԳՆի պաշտոնական պատասխանում:


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2025թ. օգոստոսի 31-ին: Այդ օրը Չինաստանի Թիենծին քաղաքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ, որի շրջանակներում ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե:


Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից օրեր անց պարզ դարձավ, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցության հայտը Շանհայի համագործակցության կազմակերպությանը:


Հայտնի է, որ Պակիստանը Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին անվերապահորեն աջակցող երկրներից է և հանդիսանում է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից մեկը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանն էլ զենք է ձեռք բերում Հնդկաստանից, որի հետ Պակիստանը հակամարտության մեջ է: Թե ինչպես կանդրադառնա ՀՀ-ում Պակիստանի դեսպանության բացումը հայ-պակիստանյան և հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման վրա, ցույց կտա ժամանակը:


 

Այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next