3.12.2025
ԱԳՆ-ն հրապարակել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»
prev Նախորդ նորություն

ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան

Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին շարունակել է քննարկել «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:


Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի սկզբում ՀՀ վարչապետը նախ գնահատել է բյուջետային քննարկումները եւ արձանագրել, որ այս գումարման խորհրդարանի հետ աշխատանքը, ընդհանուր առմամբ, լավ է գնահատում եւ գոհ է Կառավարության աշխատանքից:


Նիկոլ Փաշինյանի խոսքով բյուջետային տարին դեռեւս չի ավարտվել, բայց վստահ կանխատեսումներ կան 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: Գործադիրի ղեկավարը նշել է, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 133 տոկոսով: Այս տարվա բյուջեի հավելյալ՝ ավելացած մասը 2017 թվականի համեմատ ավելին է, քան 2017 թվականի ընդհանուր բյուջեն: «2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ կապահովենք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ: Այս խոստումը լիուլի կատարված է: Վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը 7.5-7.6 տոկոս տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում»,- ընդգծել է վարչապետը:


2021-2024 թվականների ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 36.6 տոկոսով, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ լավ ցուցանիշ է:


ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել երկրում սոցիալական վիճակի, աշխատատեղերի ստեղծման, միջին աշխատավարձի, եկամտային հարկի վերադարձի գծով քաղաքականության, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի, քաղաքացիների բարեկեցության բարձրացման եւ աղքատության վերացմանն ուղղված քայլերի ու ոլորտային այլ բարեփոխումների մասին եւ փաստել. «Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա»:


Գործադիրի ղեկավարը խոսել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ:


Վարչապետն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը՝ փաստելով՝ մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը:


«2026 թվականի հիմնական խնդիրը հետեւյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը, եւ թույլ տվեք ասել՝ ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետեւ դա ուրիշի խաղաղությունը չէ, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թոռների, իր ծոռների խաղաղությունն է, եւ դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին եւ իր բոլոր անցյալներին՝ անկախ նրանից՝ մեր պատմության ո՞ր շրջանում է այդ նահատակությունը եւ զոհողությունը տեղի ունեցել: Եվ հետեւաբար, փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի
Հաջորդ նորություն next