1.12.2025
Լուսանկարը` Armchurchnews/Հայ Եկեղեցու նորություններ
prev Նախորդ նորություն

«Սա մեր խաչն է». Արշակ սրբազանը մանրամասնել է շփումները ԱԱԾ-ի հետ

Լուսանկարը` Yerkir.am
Լուսանկարը` Yerkir.am

Մայր Աթոռի դիվանապետը հաստատել է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների փաստը՝ շեշտելով, որ իրեն լռեցնելու կամ որևէ բան պարտադրելու փորձերն ապարդյուն են անցել։


Դեկտեմբերի 1-ին կայացած ասուլիսում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը բացահայտել է, որ Ազգային անվտանգության ծառայության հետ առնչվող երկու հանդիպում է ունեցել։ Նա տարակուսանք է հայտնել, որ այդ հանդիպումների մասին տեղեկատվությունը մամուլում հայտնվել է իրեն անհայտ ճանապարհներով։


Սրբազանը չի ցանկացել անուններ հնչեցնել, սակայն հստակ հայտարարել է, որ այդ զրույցների ընթացքում տեղի է ունեցել սոսկ համոզմունքների փոխանակում, և որևէ մեկը չի կարող իրեն պարտադրել հրաժարվել իր սկզբունքներից։


Անդրադառնալով իր դեմ ուղղված արշավին՝ արքեպիսկոպոսը դա որակել է որպես քաղաքական այլախոհության բնական հետևանք։ Նրա խոսքով՝ իշխանությունների համար թիրախ են դառնում ոչ թե իրենց գովերգողները, այլ քննադատները, և յուրաքանչյուրի համար ընտրվում է պայքարի յուրովի մեթոդ։ Խաչատրյանը հերքել է այն տեսակետը, թե հետապնդումը կապված է միայն Ծիծեռնակաբերդի իր ելույթի հետ՝ պնդելով, որ ինքն արել և անելու է այն, ինչին հավատում է։


Ստեղծված իրավիճակին նա տվել է քրիստոնեական գնահատական՝ նշելով, որ իրեն վիճակված այս փորձությունը դարձել է իր խաչը, որն ինքը պատրաստակամորեն տանելու է։


Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները լարված են եղել դեռևս 2018 թվականից, սակայն 2024-ի աշնանը ճգնաժամը հասավ աննախադեպ մակարդակի: Սրման կատալիզատոր դարձավ հոգևորականության ակտիվ քաղաքական դերակատարումը, մասնավորապես՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը պահանջում էր վարչապետի հրաժարականը:


Ի պատասխան՝ իշխանությունները կոշտացրին հռետորաբանությունը՝ բարձրացնելով եկեղեցու հարկման և «պատմական» ու «իրական» Հայաստանի տարանջատման հարցերը:


Իրավիճակը պայթյունավտանգ դարձավ նոյեմբերի վերջին, երբ համացանցում հայտնվեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութեր: Այս ֆոնին նոյեմբերի 27-ին մի խումբ եպիսկոպոսներ հանդիպեցին վարչապետի հետ, իսկ նոյեմբերի 29-ին 10 եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ:


Սա պառակտում առաջացրեց հոգևոր դասի ներսում. մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվողները, դատապարտեցին իրենց եղբայրակիցների քայլերը՝ որակելով դրանք որպես պետության միջամտություն ներեկեղեցական կյանքին և հերձվածի փորձ: