«Ջուր չեմ լցնի զրպարտիչների ջրաղացին». Արշակ սրբազանը հրաժարվում է հեռանալ
Լուսանկարը` Armchurchnews/Հայ Եկեղեցու նորություններ
Մայր Աթոռի դիվանապետը կտրականապես բացառել է ճնշումների ներքո պաշտոնից հեռանալու տարբերակը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում իր հրաժարականով վավերացնել շրջանառվող հերյուրանքները։
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հստակեցրել է իր դիրքորոշումը իրեն վերագրվող մեղադրանքների և պաշտոնանկության պահանջների վերաբերյալ։ Սրբազանը պնդել է, որ այս պահին ծառայությունը դադարեցնելը կնշանակեր «ջուր լցնել այն մարդկանց ջրաղացին», ովքեր ստեղծել են այդ սուտը, և ինքը մտադիր չէ անել մի գործողություն, որը հանրության մոտ կարող է ընկալվել որպես մեղքի ընդունում։ Նա ընդգծել է, որ չի պատրաստվում ենթարկվել դրսից հրահրվող ցանկություններին։
Անդրադառնալով որպես «խափանման միջոց» ծառայությունը դադարեցնելու առաջարկներին՝ արքեպիսկոպոսը դրանք որակել է զավեշտական և քարոզչական։ Նրա խոսքով՝ եթե իրեն մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա պաշտոնից ազատելը միայն կմեծացնի այդ «մեղքը գործելու» հնարավորությունը, իսկ հանձնաժողովի վրա ազդեցության լծակները պաշտոնաթողությունից հետո չեն նվազի։
Այնուամենայնիվ, Արշակ սրբազանը հայտնել է, որ պատրաստ է ցանկացած լուծման, այդ թվում՝ կարգալույծ լինելուն, եթե զգա, որ դա բխում է Եկեղեցու շահերից և կօգնի օբյեկտիվ քննությանը, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից։ Նա նաև հիշեցրել է, որ վերջին 30 տարում աննախադեպ՝ եպիսկոպոսի վարքը քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկի հեղինակն ինքն է՝ կարևորելով խնդիրների օբյեկտիվ և ոչ քմահաճ քննարկման մշակույթի ձևավորումը։