Դարաշրջանի ավարտ. ԵԱՀԿ Մինսկի գործընթացը պաշտոնապես փակվեց
Լուսանկարը` ԵԱՀԿ
ԵԱՀԿ-ն վերջնականապես էջը փակեց. Մինսկի գործընթացը և դրան առնչվող բոլոր կառույցները պաշտոնապես դադարեցրել են իրենց գոյությունը՝ իրավական ավարտին հասցնելով տասնամյակներ տևած միջնորդական առաքելությունը։
Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ լուծարման գործընթացն ամբողջությամբ ավարտին է հասցվել 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին։
Այս քայլով կյանքի է կոչվել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ սեպտեմբերի 1-ին ընդունած որոշումը, որը հիմնված էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ֆիննական նախագահությանը հղված համատեղ դիմումի վրա։
Բոլոր անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի ավարտը փաստում է, որ կողմերն այլևս անհրաժեշտություն չեն տեսնում հին ձևաչափի պահպանման մեջ։
Մինսկի գործընթացի փակումը վավերացվել է ԵԱՀԿ մասնակից բոլոր 57 պետությունների կոնսենսուսով։ Այս պատմական որոշման քաղաքական հիմքը դրվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին պատմական Համատեղ հռչակագիրը։
Հիշեցնենք, որ այդ արարողությանը որպես վկա ներկա էր գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ փաստացի ազդարարելով տարածաշրջանային նոր իրողությունների սկիզբը։