Սան Պաուլոյում ցուցադրվել է Արցախի վերջին օրերի մասին "Հիշում եմ քո ձայնը" ֆիլմը
Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է "Հիշում եմ քո ձայնը" ֆիլմը։ Այն 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24 ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։
Այնուհետեև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ Սոնարիա Ֆերնանդեսի նախաձեռնությամբ։ Ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանի խոսքով, երկու ցուցադրություններին էլ ներկաների ճնշող մեծամասնությունը բրազիլացիներ են եղել և ցուցադրություններին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, նրանք հետաքրքրվել են էթնիկ զտման ենթարկված արցախցիների ճակատագրով, Ադրբեջանին Թուրքիայի աջակցության, ադրբեջանցիների կողմից Արցախում այս պահին իրականացվող հայկական հետքի, եկեղեցիների ոչնչացմամբ, Հարավային կովկասում այս պահին տիրող իրավիճակով։ "Հիշում եմ քո ձայնը" ֆիլմը ցուցադրվել է նաև Ռիո դե ժանեյրոյի Արդարադատության պալատում։ Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել օրեր առաջ Լոս անջելեսում։
Ֆիլմի համահեղինակ, արցախցի Արայիկ Սարգսյանն ասել է, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի նպատակն է` ցույց տալ, թե ինչպես են չկարգավորված հակամարտությունների հետևանքով, խեղվում մարդկային ճակատագրերը, ինչպես հազարավոր մարդիկ զրկվեցին հայրենիքից և քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ բռնեցին գաղթի ճանապարհը։ ֆիլմը ներկայացվում է 6 պատմություն՝ իրարից տարբեր, բայց նույն ճակատագրով` գերության մեջ հայտնված կնոջից մինչև բենզինի պայթյունի ժամանակ ծնողներին կորցրած 5 երեխաների պատմությունները։ Բոլոր հերոսների պատմություններն իրար են կապվում տեղահանված Մարտին Ալոյանի կերպարի միջոցով։ Ֆիլմը "Voices of hope" հիմնադրամի և ամերիկյան "All prime group" ընկերության արտադրանքն է։
Ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով, Արցախում տեղի ունեցածը զուրկ է արդարության, բարոյական և իրավական բոլոր նորմերից և տեղի ունեցածի մասին պետք է հնարավորինը շատ իրազեկել միջազգային հանրությանը։ Ֆիլմի երաժշտության հեղինակն ամերիկաբնակ երաժիշտ Արման Էլբերտն է։ Լոս անջելեսյան պրեմիերային ներկա են եղել ամերիկացի և հայազգի քաղաքական, հասարակական ու մշակույթի գործիչներ։ Դերասանուհի Մարջան Ավետիսյանի կարծիքով, մենք որպես հասարակություն լռելու իրավունք չունենք, պետք է հնարավորինը շատ խոսվի արցախահայերի էթնիկ զտման մասին, իսկ Բաբկեն Չոբանյանի կարծիքով, ֆիլմը պետք է հնարավորինը շատ տարածվի արտերկրում` հույսով, որ այն կնպաստի արդարության վերականգնմանը։
Առաջիկայում ցուցադրություններ են նախատեսված նաև Ֆրանսիայում` պաշտոնյաների աջակցությամբ, հետագայում նաև Իտալիայում, Լիբանանում ու նաև` միջազգային կինոփառատոններում։