1.12.2025
Լուսանկրաը` «Զվարթնոցը» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

«Մեղավորը դիրքն ու եղանակն են». Ավինյանը՝ Երևանի փոշու մասին

Լուսանկարում Երևանն է
Լուսանկարում Երևանն է

Մինչ մայրաքաղաքի կենտրոնում փոշու պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը օդի որակի վատթարացումը պայմանավորում է առաջին հերթին Երևանի աշխարհագրական դիրքով՝ երկրորդ պլան մղելով մարդածին գործոնները։


Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը վկայակոչեց խոշոր շինհրապարակների սարքավորումների տվյալները, որոնք ի հայտ են բերել սեզոնային օրինաչափություն․ օդի որակը կտրուկ ընկնում է նոյեմբերի կեսերից և սկսում կարգավորվել միայն մարտի կեսերին։ Ավինյանի համոզմամբ՝ ձմեռային այս հատվածում եղանակային պայմաններն ու քաղաքի ռելիեֆն ավելի մեծ դեր են խաղում աղտոտվածության հարցում, քան մարդու գործունեությունը։


Սա հնչում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տագնապալի տվյալների ֆոնին, ըստ որոնց՝ վերջին շաբաթվա ընթացքում Կենտրոնում փոշին նորման գերազանցել է մինչև 4, իսկ Արաբկիրում՝ 1.6 անգամ։


Խոսելով լուծումների մասին՝ Ավինյանը նշել է, որ հիմնարար փոփոխության համար անհրաժեշտ են հարյուրավոր հեկտարներով նոր անտառներ, ինչը բարդ և երկարաժամկետ գործընթաց է։ Փոխարենը, նա առաջարկել է կարճաժամկետ թիրախային աշխատանք, որը, ըստ քաղաքապետի հաշվարկների, 10 օրում կարող է մոտ 20 տոկոսով մեղմել իրավիճակը։


Այս մոտեցումը, սակայն, քննադատության է արժանանում թե՛ մասնագետների կողմից, ովքեր ահազանգում են առողջապահական լուրջ ռիսկերի մասին, և թե՛ ընդդիմության կողմից, որը իշխանություններին մեղադրում է անգործության և պատասխանատվությունը բնության վրա բարդելու մեջ։

Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next